Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել։ Գազանները գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ։

Վաղ—առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ։ Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացած և անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում։ Այդ միջոցին վիթխարի Մըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներ բով ամրացրած քալափչեն[1], իջնում էր վիրապի մեջ։ Բազմությունը սարսափում էր կիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես,— միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրաա նայում էր, որպես ոչխարների վրա։

Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթե մահակի ծանր հարվածները։ Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «Հանգստացի՛ր գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմ թողնիր։ Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուր կերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող։

Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված։ Բայց երբեք չէր պատահում, որ նա չկարողանար զսպել գազանին։ Ես մինչև այսօր հիշում եմ, թե որպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էր սրբում։

Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում էր նրան ավելի, քան նրա բոլոր որսորդական շները և բարակները։ Նա զարմանալի ճարպկություններ և հասկացողություն ուներ որսորդության մեջ»։ Անասունների բնավորությունը և նրանց սովորությունները նա այն

  1. Քալափչե մի տեսակ երկաթից շինած գործիք է, որ անց են կացնում գազանների բերանը, նրանց զսպելու համար, այդ զործիքը մեր լեզվով կոչվում է «գայլ»: