այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար որ, հոգին սուրբ այսօր առաքյալներին լեզու տվեց»։
Ես մինչև այսօր շեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց.— «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աջիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը քեզ, ոսկորը ինձ. ինչ ուզում ես արա։ Միայն թե երեխաս մի բան սովորի»...
Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն։
Տեր Թոդիկը — այսպես էր վարժապետիս անունը — իր ուսումը ստացել էր Աղթամարա անապատումը։ Թե ինչո՞ւ համար նա թողեց վանքը,— այդ ես չգիտեմ, միայն ասում էին, որ նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար։ Տեր Թոդիկը մեծ համարում ուներ ոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված էր նրա իմաստությունը։ Ով որ մի երազ էր տեսել, նրա մոտն էր վազում և նրանից բացատրություն խնդրում։ Ում երեխան հիվանդ էր, նրան Նարեկ կամ Ավետարան էր կարդալ տալիս, որ առողջանա։ Ով որ մի գործ էր կամենում սկսել, նրա «տերողորմեայի» վրա էր փորձում իր բախտը։ Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն էր. ամեն մարդ նրա խորհրդին էր դիմում, ամեն մարդ նրանից խրատ էր ընդունում...
Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա մասին... Ասում էին, տեր հայրը իր եղունգի վրա մի բան է գրում, և այն գրի զորությամբ կնիկները իրանց առջև ծով են տեսնում և իսկույն տկլորվում են... Ասում էին, թե նա մի աղոթք է կարդում, և գարու հատիկների մրջեմի նման բարձրանում են դեպի տան սյունը, և ընդհակառակն, նրա խոսքով արագաշարժ կարիճը քարացած կանգնում է և բնավ չէ շարժվում։ Ասում էին, ծտերի բերանը աղոթքով կապում է, և նրանք չեն կարողանում արտերի ցորյանը ուտել։ Ասում էին, դևերին, սատանաներին բռնում է, լցնում է ապակյա սրվակների մեջ և այնպես պահում է, որ մարգերին վնաս չտան։— Այսպիսի շատ բաներ խոսում էին նրա մասին, ես բոլորին, բոլորին հավատում էի։ Սկզբում իմ վրա սարսափ էին բերում այս խոսքերը, բայց հետո այնքան ընտելացա, որ մտածում էի.— «Տեր աստված, ե՞րբ կլինի, որ ես էլ այդ ամենը սովորեմ և իմաստուն մարդ դառնամ»...