Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՛նչպես հրեշտակների հետ էին խոսում, ի՛նչպես դևերին բռնում էին և իրանց սպասավորություն էին անել տալիս, կամ ի՛նչպես շաբաթներով ոչինչ չէին ուտում, բայց աստված նրանց համար երկնքից մանանա էր ուղարկում։— Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի բաներ էի լսում, որոնք լցնում էին իմ սիրտը մի սրբազան ջերմեռանդությամբ, և ես մտածում էի.— «Թող տամ այս փուչ աշխարհը, գնամ սարերը, մտնեմ քարերի մեջ, ճգնավոր դառնում, որ ես էլ հրեշտակների հետ խոսեմ. որ ես էլ երկնքի մանանայով կերակրվեմ»...

Երբեմն ծերունիներից ոմանք առաջարկում էին վարժապետիս խորին աստվածաբանական հարցեր։ Նա բոլորի պատասխանը խիստ խելացի կերպով տալիս էր...

Զ

ԴՊՐՈՑ

Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ։ Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը։ Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք։ Ո՞րքան ուրախանում էինք մենք... Թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր։ Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի ժեջ գտնված անմաքրությունների խմորվելուց՝ մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից, գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբեր կազմելով, ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը։ Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց ո՜րպես սարսափելի կերպով խայթում էին,— այդ միայն աստված գիտե։

Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միտումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես