հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային։ Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով։ Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից։ Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր,— էին՝ ֆալախկան և մի խուրձ դալալ, ճիպոտներ նրա մոտ դրած...
Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից։ նա միշտ կար և կար... Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից... Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան — այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը... Աշակերտի մերկ ոտները դնել այղ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան հարվածել, մինչև ողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ չինի,— ահա այդ էր ֆալախկայի նշանակությունը։ Ամենաանտանելին այն էր, որ պատժվող աշակերտին ծեծել էին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով։ Եթե այդ վերջինը հարվածները թուլացնում էր, կամ հրաժարվում էր ծեծելուց, նրան ևս ենթարկում էին միևնույն գանահարությանը։
Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը։ Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ։ Նրա առջև դրած էր փոքրիկ գրակալը,— այո նրա ամբիոնն էր։ Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսում էին «համար տալ» (դասը ասել)։ Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրն ընդունում էր «խրատի» մի-մի սաստիկ զարկ իր ափի մեջ։ Իսկ եթե դասը բոլորովին սերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված ֆալախկան...