Այդ «խրատ» կոչվածը աստծո մի առանձին պատիժն էր. նա շինված էր ամենաամուր փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ։ Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները որոնք վերաբերում էին ծեծելու, գանահարության, փորագրված էին նրա վրա։ Օրինակ, այսպիսի խոսքեր, «Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ»,— «Ծառա, որ գիտիցէ ղկամս տեառն եւ արժան ինչ գանի գործիցէ, արբցէ գան սակավ, իսկ որ գիտիցէ ել մեղիցէ աՐԲՍէ գան բազում»,— «Դառն է ծառ խրատու, իսկ պտուղ նորա քաղցր»... Խրատելու այդ գործիքն առանձնապես պատրաստվում էր վարժապետների համար. և տեր Թոդիկը իր ունեցածը, որպես պատմում էր, ընծա էր ստացել իր վարժապետից, որպես հիշատակ և որպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության։
Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որը որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր։ Աշակերտին կանգնեցնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս մի աղյուս կամ ահագին Այսմավուրքը։ Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր գլխից բարձր, երկու ափերի մեջ։ Թևքերը հոգնում էին, ջղերր թուլանում էին, բայց այդ ոչինչ։ Գլխավոր տանջանքը նրանումն էր, որ հանցավորը պետք է կանգներ մեկ ոտքի վրա. մյուս ոտքը գետին դնելու համարձակություն չուներ։ Սովորաբար ընտրում էին ձախ ոտքը, իսկ աջը պետք է վեր բարձրացած պահեր։ Մի աշակերտ մտրակը ձեռին կանգնած էր նրա մոտ, հսկում էր այդ անտանելի մարմնամարզության վրա: Երբ պատահում էր հանցավորին ոտքը գետին դնել, նա իսկույն մտրակով զարկում էր ոտին։ Այդ սատանայական պատժին ես այն աստիճան սովորած էի, որ երկար կարողանում էի սագի նման մեկ ոտքի վրա կանգնած մնալ։
Մեր դպրոցն ուներ իր ուրիշ խստությունները։
Վաղ-առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու։ Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր երկրում մտած չէր։ Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված։ Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»։ Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրանցից գրքեր էին շարադրում։
Հիշյալ պատվերը մենք կատարում էինք ամենայն ճշտությքմբ.