Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսա, բայց աղջիկը դեռ երեխա է, ոչինչ չէ հասկանում։

— Նրան ավելի շուտ կարելի է խաբել...

— Նա էնպեսներից չէ...

— Ուրեմն գլուխ գալու բան չէ՞ — հարցրուց պարոն Ք..․ հուսահատ կերպով։

Կատոն չուզեց նրան բացասական պատասխան տալ, միայն մանրամասնաբար պատմեց Բոշայի և պրիստավի անցքը։ Պարոն Ք...ի երեսի վրա շողաց վայրենի ուրախության լույսը և նա մի առանձին հրճվանոք խոսեց.

— Կատո, քո արևը գիտենա, էդ լա՜վ է էլի, շատ լավ է էլի... հիմա բանը գլուխ կգա... դու մեկ էլ գնա, երկու անգամ էլ գնա, մինչև սարքես... էդ քո փեշակն է, գիտե՛ս էլի, քեզ խոմ խրատ տալ չի ըլի... քո պատիվն էլ խոմ ես չեմ մոռանա, երկու թուման էլ քեզ եմ տալիս, տե՛ս, էս գլխեմեն։

Եվ նա հանեց յուր թղթապահի միջից երկու կարմիր տասը մանեթանոց և տվեց պառավին։ Բայց Կատոն, ճանաչելով Քեթևանի երկաթի բնավորությունը, բոլորովին վստահություն չուներ դեպի յուր նպատակի հաջողությունը, այդ պատճառով նա հարցրուց պարոն Ք...ից.

— Հենց է՞ն աղջիկը պիտի ըլի։

—Հենց էն... մի անգամ տեսա լվացք էր տանում, խելքս գնաց...

— Թո՛ղ մի ուրիշը ճարեմ։

— Չէ՛, հենց է՛ն...

— Մի քիչ դժար է։

Պարոն Ք... բարկացավ.— Ի՞նչ ես սարսաղ խոսում։

Կատոն ոչինչ չպատասխանեց, միայն խոստացավ, որ նրա կամքը կկատարե։ Վերջացնելով յուր խոսակցությունը կուսանենգը սկսեց գնալ դեպի յուր տուն։ Նրա հետքից բերում էին յուր կառքը։ Նա անցավ մի օտարազգի ժամատան դռնից, որի մոտ դրած էր փոքրիկ աստվածածնա պատկեր։ Նա կանգնեց, գդակը վերցրեց և երեսը խաչակնքելով՝ երկար աղոթում էր նրա առջև։ ճանապարհից անցնողները ջերմեռանդությամբ խոսում էին նրա վրա։ «Ինչ բարեպաշտ մարդ է», ասում էին ամենքը։

Ճանապարհին մոտ եկան նրան մի քանի մարդիկ, որոնց մինն ասաց.