Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին։ Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր: Նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր։ Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին։ Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին։ Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»։

Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն էր, ոչ ոք չէր սիրում նրան, բացի վարժապետից։ Երբ պատահում էր աշակերտներից մեկին պատժել, Ալոն առաջինն էր լինում, որ խնդրում էր վարժապետիր իրան թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը։ Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց,— դա զվարճություն էր պատճառում անսիրտ Ալոյին, և մեր վարժապետը երբեք չէր զրկում նրան այդ ուրախությունից... Ամեն օր կգար նա դպրոց, մի նոր գիրք իր հետ բերելով, ցույց կտար վարժապետին ու կասեր. «Հա՛յրս ասաց, որ այս գրքից դաս տաք»։ — «Լավ» — կպատասխաներ վարժապետը, — «դրա վրա կարդա»։

Մի անգամ ես չկարողացա համբերել, ասեցի Ալոյին.

— Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ մեծ գիրքը ո՞նց պիտի կարդաս։

— Իմ հայրն էլ մեծ մարդ է,— պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ։

— Քո հայրը մեծ մարդ է, այդ ես իմանում եմ, բայց որդին մեծ գիրք կարդալու համար պետք է դեռևս մի քանի տարի սովորե։

— Ի՞նչ պիտի սովորեմ... հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, որ դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես։

— Որպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն է,— պատասխանեցի ես ծիծաղելով:

Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված երեսիս վրա։ Ես էլ պատասխանեցի նրան իմ զորեղ մուշտիով։ Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրա գանգատվեց։ Քեզ եմ թողնում երևակայել այն անտանելի պատիժը, որ ես