նեղացնում կամ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեի... Վարժապետը դառնում էր տուն մի փոքր տաքացած գլխով, նա գտնում էր կնիքը լուծված, այն ժամանակ պատրաստ էր ինձ համար կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել աղյուսի մանրած կտորների և կամ սիմինդրի հատիկների վրա։ Դարձյալ պետք է անշարժ մնայի...
Լինում էին օրեր, որ պատիժը րնդհանուր էր դառնում. աշակերտները բոլորը միասին պատժվում էին։ Տարվա մեջ մի քանի անգամ մենք ունենում էինք արձակուրդներ։ Մեծ արձակուրդները լինում էին զատկի և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի֊մի շաբաթ։ Երբ տոներից հետո աշակերտները կրկին հավաքվում էին դպրոցը, մեր վարժապետը առանց խտրության աշակերտների ոտները դնում էր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում էր։ Ինչո՞ւ համար։— Այդ նրա համար էր, գուցե աշակերտները արձակուրդի ժամանակ իրանց տներում կամ դրսում որևիցե անկարգություն արած լինեին, իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին էր, ուրեմն պետք էր թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել... Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար։ Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պես տալիս են նրան մի քանի մտրակի զարկ, որ թմրած անասունը զգաստանա, գրգռվի,— այնպես էլ մեր վարժապետը հանգստի օրերից հետո լարում էր մեր մտավոր ուժերը ճիպոտներով, որ սթափվինք, որ վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին...
Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր։ Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից։ Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի։ Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցում ով հրաշքներ էր գործում...
Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները, նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր.— «Որդի մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի»։ Ապա ի՞նչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել։ Ես հիմար տղա չէի ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում, ես միանգամից բոլորը սովորում էի, երբ