մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի։ Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը...
Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, դրա համար շուտ էի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից ոչինչ չէի հասկանում, ինձ երևում էր, որպես թե նրանք հայերեն չլինեին։ Գիշեր ու ցերեկ դասս սերտում էի ու սերտում, գլխումս մի բան չէր մտնում. հենց որ վարժապետիս աչքը ընկնում էր աչքիս, ես սարսափում էի, միտքս շփոթվում էր, գիտցածս մոռանում էի...
Ես մինչև այն աստիճան ընկած էի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված էին իմ մեջ մանկական ուժերը, որ բոլորովին հավատում էի, երբ վարժապետս բարկանալով ասում էր.— «Սատանայի լակոտ, քեզանից մի օրինավոր բան չի դուրս դա»...
Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբբենարանը։ Կարծես, այս րոպեիս էլ իմ աչքի առջևն է այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով։ Նրա ճակատին նկարած էր մի մեծ խաչ, որի ներքև կային այս խոսքերը—«Խաչ, օգնյա՛ ինձ»: Մի քանի ամբողջ ամիսներ, երեսս խաչակնքելով կրկնում էի այդ երեք բառերը։ Վարժապետս ասում էր, եթե ամեն դասի սկզբում խաչից օգնություն չխնդրես, ոչինչ չես կարող սովորել։ Բայց երևում էր, որ խաչն էլ խռովել էր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք տալու նպատակ չուներ...
Ես մինչև այսօր չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, որ թողել է իմ վրա այբ֊բենը... նրա ամեն մի տառը, կարծես թե, ուզում էր վիշապի նման ինձ կուլ տալ... գիշերներն անգամ հանգիստ քուն չունեի... երազների մեջ նույնքան տանջվում էի, որքան դպրոցում... Ինձ երևում էր, որպես թե նոն, մեյմունի նման առջևս պըպըզած, իր զզվելի ռեխը ծըռմռելով, ուզում էր վախեցնել ինձ... ռան, մի մեծ մողես դարձած, վազում էր, որ ծոցս մտնի... Ամենից ավելի ես ատում էի ճեն, նա միշտ երևում էր ինձ վիզը ծռած ուղտի պես... ես շատ էի վախենում ուղտից: Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին...
Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ... դու էիր