անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկը իր մերկ ճգնարանում։ Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի...
Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով։ Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ։ Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար։ Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա։ Նա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում։ Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.
— Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ։
— Դուրս գամ ի՞նչ անեմ, ի՞նչ սովորեմ,— հարցրի ես։
— Մտի՛ր քեռիներիդ արհեստանոցը, զենք շինել սովորի՛ր,— պատասխանեց նա։
— Մի՞թե ուսումը վատ է։
— Այդ ուսում չէ, որ դու սովորում ես։
Հետո նա սկսում էր երկար ու երկար բացատրել ինձ, թե ի՛նչ բան է ճշմարիտ ուսումը, բայց ես այն ժամանակ չէի հասկանում, միայն զարմանում էի, թե ի՛նչպես այդ կոշտ, կոպիտ մարդը, որ անդադար գազանների հետ պատերազմելով, գազանի բնավորություն էր ստացել,— այնքան լավ, այնքան հիմնավոր կերպով խոսում էր ուսման վրա...
Որսորդը շատ մոտ բարեկամ էր իմ քեռիներից մեկի հետ, որին կոչում էին Մինաս. դա բոլորովին ձրի շինում էր, նորոգում էր որսորդի զենքերը, երբ նրանց որևիցե մասը խանգարված էր լինում։ Այդ Մինասի հետ խոսել էր որսորդը, համոզել էր նրան, որ ինձ վեր առնեն իրանց արհեստանոցը որպես աշակերտ։ Ես