սիրում էի այդ արհեստը, իմ սիրտը դողդողում էր ուրախսւթյունից, երբ քեռիներիս արհեստանոցն էի մտնում, և ամբողջ ժամեր նստած այնտեղ, խորին հոգեզմայլությամբ նայում էի գեղեցիկ, փայլուն զենքերին, որ դուրս էին գալիս քեռիներիս ճարտար ձեռքից։ Բայց մայրս սատանայի նման հակառակ եղավ և չթողեց, որ ես այդ արհեստը սովորեի։ Նա ատելով քեռիներիս, ատում էր և նրանց արհեստը: Նա կրկնում էր միևնույն խոսքերը, որ ես շատ անգամ լսել էի վարժապետիցս, թե բոլոր զինագործները մեղավոր մարդիկ են, բոլորն էլ դժոխքը կգնան։
— Ի՞նչու,— մի անգամ հարցրի ես։
— Նրա համար որ, թուր, սուր, հրացաններ են պատրաստում, և այդ զենքերով մարդիկ միմյանց կոտորում են,— պատասխանեց նա։
Թե այսպես, թե այնպես, քեռիներիս արհեստանոցը մտնելը ինձ չհաջողվեցավ. ես դարձյալ մնացի այն «դժոխքի» մեջ, որպես կոչում էր նրան որսորդը։
Բայց նույն «դժոխքի» մեջ ես ունեի մի մխիթարիչ հրեշտակ, որ թեթևացնում էր իմ կրած վշտերի դառնությունը։ Դա Սոնան էր — վարժապետիս աղջիկը։ Թե ի՞նչ զգացմունք էր այն, որ կապել էր իմ սիրտը այդ նազելի արարածի հետ,— ճշմարիտ, ես էլ չգիտեի և մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ:
Սոնան ինձ շատ էր օգնում, առավել այն աշխատությունների մեջ, որ ես պետք է կատարեի վարժապետիս տնտեսության մեջ։ Երբ միասին գնում էինք այգին կովերի համար խոտ քաղելու, նա ասում էր ինձ.
— Ֆարհատ, դու նստիր, դասդ սերտիր, ես կքաղեմ խոտը։
— Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես,— ասում էի նրան։ Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր ինձ.
— Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի։ Դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ։
Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալ ինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու, և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր։
Այսպես անցուցի ես յոթն բոլորակ տարիներ.— մի խորհրդավոր