Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարմանալի՜ հակասություն։ Նա պիտի պատմեր ինձ, նա պիտի բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր աստծո սուրբ սեղանից, իբրև քահանա, պիտի ավետեր աշխարհին — «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»։

Իսկ իմ բա՞նտը... ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել։ Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերը սկսվել էին արդեն։ Գոմը, ուր բանտարկված էի ես, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրանց սուր խայթոցները խրում ու խրում էին մարմնիս մեջ։ Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էր ինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից։ Ողորմա՜ծ աստված, ի՞նչ անեի, փախչել չէի կարող. դուռը ամուր կերպով փակած էր. իսկ համբերել այն տարտարոսի մեջ,— մահվան չափ սպանիչ էր...

Արևը վաղուց արդեն մտել էր, խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ։ Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Երկաթե վանդակի մեջ նոր բռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղ լուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու։ Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորվին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա։ Այդ միջոցին ինձ տիրեց երևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը։ Տատիս հեքիաթների մեջ լսած յոթ գլխանի վիշապները, եղջյուրավոր դևերը, պոչավոր սատանաները, ահագին խումբերով գալիս ու գնում էին աչքիս առջև։ Մտածում էի ահա խավարը բոլորովին կպատե, և դրանք կխեղդեն ինձ...

Թե քանի՞ ժամ ես մնացի այդ տենդային դրության մեջ,— չգիտեմ. միայն լսեցի, հանկարծ դուռը ճռաց։ Ես ամբողջ մարմնով սարսափեցա։ Բայց սոսկումն անցավ շուտով։ Տեսնում եմ, ներս է մտնում Սոնան, մի այցելու հրեշտակի նման, ձեռքում բռնած յուղային ճրագը։ Նա վեր բարձրացրեց ինձ ընկած տեղիցս, և նրա քնքուշ ձայնը բոլորովին սթափեց ինձ։

— Փախի՛ր, Ֆարհատ,— ասաց նա,— փախի՛ր, քանի հայրս տանը չէ...

Ես կամեցա գրկել, համբուրել իմ ազատչին, բայց նա ոգիների նման աներևույթ եղավ։