Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Ազատվելով իմ բանտից, ես վճռեցի մյուս անգամ չվերադառնալ այստեղ, և ոչ մեր տունը գնացի, որովհետև գիտեի, որ մայրս առավոտյան կրկին ինձ կտաներ տերտերի մոտ, և հանձնելով նրան, կասեր.— «Միսը քեզ, ոսկորը ինձ»... Բայց ես այժմ հասկացել էի այդ սարսափելի խոսքի նշանակությունը, որ մայրս առաջին անգամ ինձ դպրոց տալու ժամանակ ասաց վարժապետիս:

Գիշեր էր, երբ ես դուրս եկա բանտից, չգիտեի, թե ուր գնամ: Հուսահատությունը մինչ այն աստիճան տիրել էր ինձ, որ մտածում էի, «էլ ուրիշ ճար չկա, գնամ գետն ընկնեմ, գուցե ազատվեմ»...

Խորին վրդովմունքի մեջ ես անցա մեր ամբողջ թաղը, փողոցների մեջ ոչ ոք չէր երևում, դեպի ամեն կողմ տիրում էր խուլ լռություն: Ամեն ընտանիք, եկեղեցուց տուն դառնալով, ուրախ, զվարթ, բոլորել էր զատկական սեղանի շուրջը և ընթրիք էր վայելում: Բայց ես, որպես փախստական, որպես մի թշվառ դատապարտյալ, տեղ և օթևան չունեի այս գիշեր։ Տներից բուրում էր խնկի և կնդրակի անուշահոտությունը. ամբողջ օդը լցված էր այդ սրբազան բուրմունքով։ Երբեմն իմ ականջին զարկում էին ուրախ բացականչություններ. «Քրիստոս հարեավ ի մեռելոց»... այո՛, հարյա՜վ սիրո և խաղաղության աստվածը... Բայց ո՞րտեղ էր սերը, ո՞րտեղ էր խաղաղությունը, ո՞րտեղ էր եղբայրությունը,— ես իմ կյանքի մեջ այդ բաները ոչ մի տեղ չէի տեսել...

Իմ խռովությունը այժմ հասնում էր մինչև խելագարության. ես այժմ ոչինչ չէի լսում, ոչինչ չէի զգում։ Ինձ մինչև անգամ անհասկանալի էին քաղցրաձայն տաղերգությունները, որ հնչվում էին այս և այն տան լուսամուտներից։ Կարծես ամբողջ աշխարհը խլացել էր ինձ համար։ Թե ի՞նչպես հայտնվեցա գետի ափի մոտ,— մինչև այսօր չգիտեմ, միայն հիշում եմ, երբ ես պատրաստվում էի ընկնել գետի գարնան հեղեղներից հորդացած ալիքների մեջ, ինձ կանգնեցրեց մի ձայն.