— Է՜յ, ի՞նչ ես անում։
Մի կողմից գիշերային մթությունը, մյուս կողմից իմ խռովությունը, թույլ չտվին իսկույն ճանաչել նրան, բայց ինձ երևաց, որ ձայնը բոլորովին ծանոթ էր։
— Ֆարհատ, չե՞ս ճանաչում ինձ...
— Ա՜խ, Կարո, սիրելի՜ ընկեր, մի՞թե դու ես... Չէ՛, չէ՛, դու Կարոն չես... Որտեղի՞ց եկար... ո՞ւր էիր... քեզ համար ասում էին...
Այսպես, իմ շփոթության մեջ, սկսեցի հարցնել հին բարեկամիս, որ գրկելով ինձ, խուլ ձայնով պատասխանեց
— Ես եմ, ես Կարոն եմ...
Իմ ուրախությանը չափ չկար ես երեխայի նման քարշ ընկա նրա պարանոցից, համբուրում էի կարոտալի աչքերը, համբուրում էի երեսը, ձեռքերը և երկար չէի բաժանվում նրանից։ Ես պատմեցի այն ավուր անցքը, իմ բանտարկությունը, իմ փախուստը և հայտնեցի, թե ո՛րպիսի դիտավորություն բերեց ինձ գետի ափի մոտ։ Նա սկսեց ծիծաղել իմ միամտության վրա, ասելով.
— Խելքդ կորցրե՞լ ես, ինչ է։
— Ապա ի՞նչ անեմ,— հարցրի ես։
— Գցի՛ր գետը այդ սատանայի կծիկը։— Պրծավ գնաց...
Նա ցույց տվեց Դանիելի գրքի վրա, որը, չգիտեմ ինչպես էր պատահել, առել էի ինձ հետ։ Ես առանց մտածելու, գիրքը նետեցի գետի մեջ, ինձ այնպես երևաց, թե նրա հետ սրտիս բոլոր տանջանքները խորասուզվեցան սառն ալիքների մեջ...
— Դե՛, շատ լավ, — ասաց նա։— Հիմա գնանք։
Ես հետևեցի նրան, ամենևին չհարցնելով, թե ուր է տանում ինձ։
Լուսնի եղջյուրը երևեցավ հորիզոնի ծայրից, և գիշերի թանձր խավարը փոքր-ինչ պարզվեցավ։ Օդը իր հովասուն սառնությամբ բավականին կազդուրեց իմ բորբոքված գլուխը։ Ես սկսեցի ազատ շունչ քաշել։ Այժմ ինձ այնքան լավ էի զգում, կարծես, ոչինչ չէր պատահել ինձ հետ։
Կարոն տասն և երկու տարի առաջ թողեց մեր դպրոցը և այնուհետև անհայտացավ։ Նա դուրս եկավ մեր դպրոցից, առանց մի այբի կտոր անգամ իր հետ տանելու։ Իսկ այդ տասն և երկու տարվա ընթացքում ո՜րքան փոխվել էր նա։ Լղարիկ, փոքրիկ, վատառողջ Կարոն այժմ աճել, հասունացել, հսկայական ձև էր ստացել: Նրա համարձակ ընթացքը, հանդուգն կերպարանքն արտահայտում