Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ցույց տվեց իմ վրա և նրա խոսքերից երևաց, որ գաղտնի խոսակցությունը իմ մասին չէր։

— Ես չեմ ասի թե ով է,— շարունակեց Կարոն։— Տեսնեմ կճանաչե՞ք։

— Ես նրան ձվի միջում կճանաչեի,— խոսեց դարձյալ շիլ աչքերով պատանին, մոտենալով ինձ,— Ֆարհատը չէ՞։ Քո տունը չքանդվի, Ֆարհատ, ի՜նչքան փոխվել ես դու, ի՜նչ լավ տղա ես դարձել:

Այս լսելով, մյուս ընկերը, որ հետաքրքրությամբ նայում էր իմ վրա, գրկեց ինձ և ուրախանալով ասաց.

— Ա՜խ, Ֆարհատն է, ի՜նչպես չճանաչեցի ես։

Կարոն ինձ ճանապարհին հայտնել էր, թե ես կտեսնեմ իմ երկու ընկերներին՝ Ասլանին և Սագրյին. այդ պատճառով, դժվար չէր ճանաչել, որ ինձ այնքան սիրով գրկող պատանին Ասլանն էր, իսկ մյուս շիլ աչքերովը—Սագոն։ Երկուսն էլ իմ հին աշակերտակիցներն էին, որոնք փախան մեր դպրոցից ճիշտ այն ժամանակ, երբ Կարոն անհայտացավ։ Բայց մի բան, որ դժվարացրեց սկզբից ճանաչել նրանց, այն էր, որ թե Կարոն և թե մյուս ընկերներս, բոլորն էլ հագուստները փոխած էին. նրանք չէին հագնված այն ձևով, որպես առհասարակ հագնվում են Պարսկաստանի հայերը, այլ կրում էին մի տեսակ զգեստ, որ հատուկ է Մշու կամ Բաղեշի կողմերի լեռնաբնակ հայերին, որը շատ չէ զանազանվում քուրդ էշիրաթների հագուստից։

Սագոյի իսկական անունը Սարգիս էր, բացի դրանից, մեր դպրոցում նրան կոչում էին «սատանայի եղունգ» անունը ստացել էր նա իր չափազանց խորամանկության, ճարպկությունների և անհանգիստ բնավորության պատճառով։

Ինձ երևաց, թե այժմ նա ավելի փոքրացել էր և համարյա գունդի ձև էր ստացել, թեև առաջ նույնպես բավական կարճահասակ տղա էր։ Նրա դեմքը բոլորովին կատվի կերպարանք էր կրում. անփոփոխ էին մնացել միայն շիլ աչքերը, այն վաղեմի դիվական աչքերը, որ միշտ արտահայտում էին եռանդ և մի առանձին կենդանություն:

Ասլանը շատ չէր փոխվել. նույն խաղաղ դեմքը իր բոլոր քնքշությամբ, նույն երկնագույն հեզ աչքերը, հովանավորված խիտ թերթերունքներով, նույն անմեղ ժպիտը,— բոլորը նույնն էր, Միայն նրա շեկ մազերը այժմ ավելի մուգ գույն էին ստացել և երեսի ճերմակ կաշին կորցրել էր իր վաղեմի սպիտակությունը