Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարմնի կազմվածքը մնացել էր նույնպես նուրբ, որպես առաջ, միայն այժմ փոքր-ինչ կոլոլվել էր նա և հասակը ավելի գեղեցիկ և վայելուշ ձև էր ստացել։

Ասլանը միակ աշակերտն էր, որին ես շատ էի սիրում նա միշտ բարի էր դեպի ինձ, և քիչ չէր պատահում, որ ամբողջ ժամերով պարապվում էր ինձ հետ նա մեր դպրոցի ընդունակ և հառաջադեմ աշակերտներից մեկն էր։ Ի՞նչ պատճառով նա թողեց մեր դպրոցը,— ես հիմա էլ չգիտեմ, միայն նա թողեց մեծ ափսոսանքով, կարծես մի բան կապած լիներ նրա սիրտը այն «դժոխքի» հետ...

Մեր դպրոցում ես, Կարոն, Ասլանը և Սագոն այնպես սերտ կերպով կապված էինք միմյանց հետ, որ համարյա կազմում էինք մի անբաժան չորրորդություն։ Բայց երբ նրանք միասին անհայտացան մեր քաղաքից, ամենևին չհայտնեցին ինձ իրանց նպատակը, երևի նրա համար, որ ինձ անհարմար գտան իրանց ընկերությանը, որովհետև ես նրանցից հասակով շատ փոքր էի և բոլորովին անփորձ։ Այնուհետև նրանց մասին ամենևին ստույգ տեղեկություններ չկային, միայն երբեմն խոսվում էին զանազան օտարոտի տեղեկություններ, լսվում էին զանազան սարսափելի համբավներ, որոնց ես երբեք չէի հավատում։ Իսկ այժմ ի՞նչ բախտ էր, որ մեզ կրկին հանդիպեցրեց միմյանց տասն և երկու տարվա անջատումից հետո...

Երկու մյուս անծանոթները, որոնք խարույկի մոտ խորոված էին պատրաստում, ամենևին չշարժվեցան իրանց տեղից, միայն երբեմն կասկածավոր աչքերով նայում էին ինձ վրա։ Եվ Կարոն չասեց, թե նրանք ովքեր են։

— Երևի, ուղիղ դպրոցի՞ց այստեղ,— հարցրեց Ասլանը ժպտալով։

Մինչև իմ պատասխանը, Սագոն մեջ մտավ.

— Չե՞ս տեսնում, Ասլան, չե՞ս տեսնում, որ բոլորովին քացախել է այբուբենի մեջ։— Խե՜ղճ տղա, հենց որ նայում ես երեսին, այն տեղ կարդում ես այբ-ժե, ճե-ռա, խա՜... խա՜... խա՜... Այսպես չէ՞, Ֆարհատ։ Ա՜խ, ինչպես ազատվեցա ես... տասն և երկու տարի է, ինչ որ մեր թոնրում այրեցին այն անիծած գիրքը... թող սատանային փայ լինի... խա՜... խա՜... խա՜...

Սագոյի կծու և դառն կատակները ամենևին չվիրավորեցին ինձ, միայն հիշեցրին մեր աննախանձելի դպրոցական կյանքը, երբ այբ-ժե-ճե-ռան մեր հոգին հանում էր, այնքան արտասուքի և տանջանքի պատճառ էր դառնում մեզ...