Այդ միջոցին լսելի եղավ Կարոյի ձայնը.
— Տղերք, ով քաղցած է, թող մոտ գա։
Շատախոս Սագոն վազեց դեպի ըեթրիքի սեղանը. ես և Ասլանը մնացինք մենակ։
— Ի՞նչպես է «նա»...— հարցրեց Ասլանը դողդոջուն ձայնով:
Իսկույս հասկացա, որ Սոնայի մասին էր հարցնում։
— Այնպես, որպես էր առաջ․ ժպտում է, կարմրում է հետը խոսելիս... փախչում է, երբ ուզում ես գրկել... լաց է լինում, երբ իր հայրը սիրած աշակերտին ծեծում է... Ամենը էլի այնպես է որպես տեսել ես։ Գլխավոր փոփոխությունը, որ եղել է քո ժամանակից հետո, այն է, որ հիմա ավելի գեղեցկացել է և ավելի հասունացել է...
Ասլանը ոչինչ չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա մթին դեմքը ավելի մռայլվեցավ։
— Գնանք մի բան ուտենք, դու երևի քաղցած ես,— ասաց նա րոպեական խռովությունից հետո։
Խարույկից ոչ այնքան հեռու պատրաստված էր ընթրիքի սեղանը. ի՞նչ սեղան, մերկ գետնի վրա տարածել էին սփռոցի փոխարեն մի փալասի կտոր և նրա վրա դրած էր հաց, պանիր, սոխ և ավելի ոչինչ։ Տղերքը բոլորել էին այդ նահապետական սեղանի շուջը, ամեն մեկը իր վերարկուն օթոցի փոխարեն իր տակը ձգած ունենալով։ Խորովածը հրացանի սումբաներից,— որ շամփուրի տեղ էին գործածում,— տաք-տաք քաշում էին լավաշների վրա և այնպես արյունաթաթախ ուտում էին։ Մի կողմում թավալված էր մի ահագին եղջերու, որից հոշոտում էին խորովածացու միսը։ Նրա մոտ պառկած էր գինով լիքը տկճորը։ Գավաթի տեղ գործ էին ածում մի մեծ դդումի կտրած կեսը, որի ներսույքը դուրս էին տված։ Նույն գավաթից ամենքը խմում էին հերթով։
— Ինձ մոտ, Ֆարհատ,— ասաց Կարոն։
Ես նստեցի նրա մոտ։ Այն օրվա բոլոր անցքերը, սկսյալ հայր Թոդիկի բանտից մինչև խորհրդավոր մինարեթը, իրանց ուրախ և տխուր տպավորություններով մինչ այն աստիճան գրգռել էին իմ ջղերը, որ ես ամենևին ախորժակ չունեի մի բան ուտելու, թեև ամբողջ օրը քաղցած էի մնացել։ Տասն և երկու բոլորակ տարիներից հետո, սիրելի ընկերներիս հետ կրկին հանդիպելը թեև շատ ուրախալի է ինձ,— բայց այն օրից երբ նրանք անհայտացան, այնքան անհավատալի զրույցներ լսած էի նրանց մասին, որ բոլորովին չէի կարողանում ցրվել հին նախապաշարմունքը: