Այդ մանկահասակ, ծպտյալ, կերպարանափոխ եղած փախստականներր երևում էին ինձ կասկածավոր մարդիկ, մանավանդ երբ նկատում էի, որ նրանք ևս ոչ բոլորովին հավատարմությամբ վերաբերվում էին դեպի ինձ։ Ես տեսնում էի նրանց մեջ մի առանձին ծածկամտություն, խիստ զգուշավոր խորհրդապահություն, որպես թե մի բանից քաշվում էին կամ վախենում էին։ Ինչո՞ւ չէին կարող անկեղծ լինել ինձ հետ։ Ի՞նչն էր ստիպում նրանց, որ վերադառնալով հեռավոր երկրներից, փոխանակ իրանց բարեկամների և ազգականների մոտ գնալու, նրանք ընտրել էին այդ անմարդաբնակ ավերակները: Չէ՞ որ քաղաքը շատ հեռու չէր այնտեղից, այն քաղաքը, ուր նրանք ծնվել էին, ուր մի քանիսի ծնողները դեռ կենդանի էին։ Ինչո՞ւ չուրախացնել կարոտալի ծնողներին, մանավանդ զատկական մեծ տոնի ժամանակ, երբ հայրը, մայրը, զրկելով նրանց, «Քրիստոս հարեավ ի մեռելոց»-ի փոխարեն պիտի ասեին.— «Մեր որդին կորած էր, գտնվեցավ. մեր որդին մեռած էր, կենդանացավ»...
Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սաքոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.
— Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես։ Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. — «ա՛խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»... Իմ խեղճ մայրն էլ այո խոսքերը ասելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ... խա՛... խա՜... խա՛...— Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չես ուտի...
Նա սկսեց դարձյալ ծիծաղել։ Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող։ Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այս է զատկական տոնի օրը։ Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել։ Ինձ միայն դուր չեկավ Սաքոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը, ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Սաքոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.