նրա դեմքն ընդունեց խիստ երկչոտ և ցավակցական արտահայտություն։— Այդ թշվառը «աղայի» կինն էր...
«Աղան» մի արհամարհական հայացք ձգեց նրա վրա և անփույթ կերպով անցավ յուր մենարանը։
«Ախ, աստված...», հոգվոց հանեց խեղճ կինը և լռեց։
Տխրության ամպերը կրկին անցան տիկնոջ դեմքի վրա, նա կրկին նստեց յուր տեղը և անշարժ մնաց քարե արձանի նման։
Ը
Մենարանը, որ կացուցանում էր պարոն Ք...ի առանձնասենյակը, հանդիսացնում էր յուր մեջ հազվագյուտ հնությունների մի մեծ հավաքածու։ Պարսկաստանից, Տաճկաստանից և Հնդկաստանից կային այնտեղ բոլոր այն բաները, որոնք կարող էին գրգռել զարմացք և հիացում:
Այդ պարոնն ինքը ոչ միայն հնագետ չէր, այլ մի առանձին սեր չուներ դեպի հնությունները։ Բայց ի՞նչ նպատակով կազմել էր մի այդպիսի փառավոր մուզեում։
Պարոն Ք... ձեռքերը քամակին դարսած անցուդարձ էր անում յուր մենարանի մեջ, երբ սենեկասպաս ծառաներից մինը ծանուցում արավ, թե գեներալ Ն... գալիս է։ Այդ լուրը հայտնի կերպով ուրախություն պատճառեց նրան, որովհետև իսկույն նշմարվեցան նրա դեմքի վրա գոհունակության նշույլներ։ «Լավ էլավ»... ասաց նա յուր մտքի մեջ և վազեց դեպի դուռը։ Նա գտավ յուր հյուրին, երբ նա նոր էր ներս մտնում տան դռնից։ Նա հազարումեկ փաղաքշական խոսքերով դիմավորեց «նորին պայծառափայլությանը», նրա խոսքերի մեջ արտահայտվում էին կեղծ-բարեկամական շողքորթություններ և մինչև անգամ ստորաքարշ-ստրկական խոնարհություն։ Պարոնը շատ թեքուն էր և առաձգական, երբ հարկավոր էր մինին գրավել...
Նա մտավ յուր այցելուի թևքերի տակ, վեր բարձրացրուց սանդուղքներից և առաջնորդեց մինչև յուր մենարանը։
Գեներալը մի մարդ էր բարձր հասակով, մսուտ երեսով և խորամանկ — պաշտոնական աչքերով։ Մտնելով պարոն Ք...ի մենարանը, նա աչք ածեց յուր չորեքկողմը և մի առանձին համակրությամբ ասաց.— Այո՛, գեղեցի՜կ է...