Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խմի՛ր։

— Այսքանը չեմ կարող խմել,— պատասխանեցի ես հաժարվելով։

— Խմի՛ր, կսովորես...— ասաց նա ժպտելով։

Ես դարձյալ հրաժարվեցա։

— Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի,— մեջ մտավ Սագոն,— բայց հիմա՞...

— Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են...— վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր։

Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը, այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի։

Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր։

Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ։ Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի,— ես չկարողացա գիտենալ, միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը։ Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն։

Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ։ Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով։ Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով։ Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության։ Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր։ Սագոն չէր դադարում անընդհատ շատախոսելուց. նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել։ Կարոն հանդարտ էր, որպես միշտ, բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշոր գծագրություն էր ստացել, ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից։ Երկու երիտասարդները, կարծես, չէին խոսում