այլ արձակում էին մի տեսակ վայրենի հնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին։ Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեմ:
Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ի՞նչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը հաղթեց բոլորին։ Այժմ խոսակցությունը սկսեց մեղմանալ և կրկին բոլորը հանգստացան։ Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա։ Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով...
Թ
ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈԻԹՅՈԻՆԸ
Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն։ Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության։
Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր,— ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը։ Զումրուդը—այսպես էր կնոջ անունը — հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին։
Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում, այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր։ Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում։ Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում: