Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ։ Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել։ Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները։ Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ։
Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր։ Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ․ շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների։ Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ։ Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը՝ իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր։
Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն։ Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում։ Կարոն ուներ այդ հատկությունները։
Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում։ Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ։ Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ։ Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ։ Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից