անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին։ Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին։ Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»... Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով։ Բայց նրանք ծեծում էին մեզ։ Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները։ Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը՝ փոքրերից.․.
Մի անգամ Կարոն ասաց մեզ.
— Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք։ Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը։
Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել։
— Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք։
— Ինչո՞վ,— հարցրեց մեկը։
— Առաջ մեր մուշտիներով,— ասաց Կարոն,— իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով։
Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք՝ ես, Ասլանը և Սագոն։
Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի։ Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով։ Այսպես սկսեցինք առաջ գնալ։ Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ «հիմարությունը»...
Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը։— Դա կռվի հրավերքն էր։
— Տղերք,— ասաց Կարոն,— չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք...