Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց։

— Թողեք, որ անցնենք ,- ասաց Կարոն։

— Չենք թողնի մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք,- ասաց նրանցից մեկը։

— Ոչինչ չեք ստանա,- պատասխանեց Կարոն։

Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան։ Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ գմելին։ Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները...

Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության։ Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը։ Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը։ Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց։

— Սպանեցե՛ք...- ձայն տվեցին միմյանց։

— Սկսեցե՛ք.․․- ասաց մեզ Կարոն։

Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ։ Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ։ Բայց ես չգիտեմ, ինչ էր պատճառը, ոը կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված - ձեռքը։ Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի որ կողմը և դառնում էր, իր աոջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին։ Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց։ Ասլանը, ասլանի[1] ձագի

  1. Ասլան - թուրքերեն նշ. առյուծ