նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում։ Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում։ Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով․ ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս[1], ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր։ Ոչ սակավ քաջությամբ հանդիսացանե մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները առ մի նկարագրելը շատ երկար կլիներ։ Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես... Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ինչով էի օգնում ընկերներիս.- ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց։
Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել։
— Դուք էլ քարերով...- ձայն տվեց Կարոն։
Մենք կատարեցինք նրա հրամանը։ Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել։
Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թեքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է։
Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»։ Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ , որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը։ Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին․ այլ մեղադրում էր ինձ թե ինչու ես մասնակցեցի կռվի ձեջ։ Այղ պատճառով սկսեց սաստիկ անիծել ինձ.
«Գետինը մտնես»... գրողը տանե քեզ․․․ չար սատանա... պատանդ կտրես... անիծված... նաշդ տեսնեմ»... և այլ այսպիսի խոսքեր։
- ↑ Նադդա գալ-նշ․ խոյի, գոմեշի, եզան և այլ եղջյուրավոր անասունների գլխով զարկելը։