Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի։ Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից։ Ինձ պատեմցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան։ Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել... Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար... մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը․..

Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար։ Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել։ Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբ խումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել։

Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ, և համարյա բոլորին պաշտելի դարձավ։ Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև։

- Տեսա՞ք,- ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո.- «շանը մինչև չծեծես, չի բարեկամանա»․․․

Այդ բոլորը «անկարգությունների խմորը» (տեր Թոդիկի լեզվով) Կարոն էր։ Վարժապետը վաղուց արտաքսած կլիներ այդ խռովարարին իր հիմնարկությունից, եթե մի քանի պատճառներ արգել չլինեին։ Որպես վերևում ասեցի, Կարոյի տատը հմուտ էր ժողովրդական բժշկության մեջ. իր արհեստով նա վայելում էր քաղաքի ոչ միայն հայ հասարակության հարգանքը, այլև մահմեդականների մեջ մեծ պատիվ ուներ։ Նրա պատվի համար Կարոյին ներում էին։ Բացի դրանից, Զումրուդը իր բժշկական հնարներով ոչ սակավ օգնում էր միշտ հիվանդ տերտերակնոջը և ամենևին վարձատրություն չէր պահանջում։

Մի դեպքի պատճառով ինքը Կարոն հեռացավ տեր Թոդիկի դպրոցից։

Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆա-Թաթոս։ Այդ Գոլիաթը կլիներ երեսուն տարեկան, այսինքն՝ հասակովը տասն և հինգ տարի մեծ Կարոյից։ Նա վախենում էր կարիճից, վախենում էր ամեն տեսակ պողոճներից և մինչև անգամ ճանճերից։ Միակ արարածները, որոնցից չէր վախենում Խալֆա-Թաթոսը․ էին աշակերտները։ Երեխայությունից այդ տիտանը