ձրի ծառայում էր, սպասավորություն էր անում տեր Թոդիկի մոտ, որպեսզի նրա շնորքից, նրա գիտությունից մի մասն ստանա, որ ինքն էլ կարողանա քահանայական փիլոնը գցել ուսին և վարժապետական աստիճանին արժանանալ։ Բայց խղճալին իր կյանքում մի անգամ միայն կարողացել էր եկեղեցում է «Լույս զվարթ» երգել և այն օրից միշտ պարծանքով էր հիշում այդ փառքը։ Աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն», այն պատճառով, որ ամեն օր, ճաշից հետո, յուրաքանչյուր աշակերտի սեղանից ավելցած փշրանքը Խալֆա-Թաթոսի կերակուրն էր։ Բայց այնքան բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականանում կշտացնելու շատակեր Խալֆայի անհագ որկորը, որ պատմական Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել։ Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճ աշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր, կամ իզուր չպատմեր նրանց։
Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենքին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից։ Կարոն սաստիկ ատում էր նրան, օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին։ Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ։ Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց...
Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու․ այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը։ Մենք քարե արձանների նման նստած էինք։ Խալֆան երկար ճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում։ Տիրում էր գերեզմանական լռություն, ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում։ Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.
— Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա: