Վերակացուն, իհարկե, ոչինչ չլեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը։
— Չոքի՛ր,— գոռաց Խալֆան, ցույց տալով անկյունը։
Ես պատրաստվեցա կատարել հրամանը։
— Դու չե՜ս չոքի, Ֆարհատ,— ասաց Կարոն։
— Ինչո՞ւ,— հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով։
— Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղ չունի,— պատասխանեց Կարոն։
— Ուրեմն, երկուսդ չոքեցեք,— ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով։
— Ոչ ես կչոքեմ, ոչ նա,— պատասխանեց Կարոն վրդովված ձայնով։
Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով.— դրանք նրա կատաղության նշաններն էին։ Չգիտեմ, վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանի պտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին.․. Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ․․․ Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա Կարոն Ասաց․
— Տե՛ս, ես այստեղ կչոքեմ...
Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց։
Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ...
Ժ
ԶԵՆՔԵՐ
Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական կյանք։ Շատերը նրան համարում էին ցնորված։ Լինում էր, շատ անգամ Կարոյի տատը, բոլորովին հուսահատ, բոլորովին շվարած, մութ գիշերային պահուն, գալիս էր