Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բոլորը փեշքեշ է ձերդ պայծառափայլությանը,— պատասխանեց պարոն Ք․․․ ասիական քաղաքավարությամբ։

Գեներալ Ն... ժպտաց նրա խոսքի վրա և սկսեց մի առ մի զննել մենարանի հնությունները։ «Այո՜, գեղեցիկ է, ճշմարիտ, շատ գեղեցի՜կ», կրկնում էր նա անդադար։

Պարոն Ք․․․ սկսեց ցույց տալ նրան այն բաները, որոնց մասին ինքը փոքր ի շատե տեղեկություն ուներ։ Սենյակի մեկ ճակատի պատի վրա մեխած էր մի ահագին արու առյուծի մորթի, որի վրա ամրացուցած էր կովկասյան եղջերվի գլուխ յուր երկայն ճյուղավոր եղջյուրներով, որոնցից կարգավ քարշ էր տված հնադարյան զենքեր՝ պողովատի զրահ, երկաթե վահան, սաղավարտ և թևնոցներ, կեռ ասիական սուր, նետերով լի կապարճ՝ զարդարած սիրամարգի փետուրներով. աղեղ, երկայն նիզակ՝ Դամասկոսի եղեգնից, գլուխը զարդարած սև փետուրներից հյուսած մի մեծ փնջով և այլն։

— Դրանք երևելի Նադիր-Շահի զենքերն են,— ցույց տվեց պարոն Ք...։

— Նադիր-Շահի զենքե՞րը,— կոչեց գեներալը զարմանալով,— այդ հազվագյուտ բան է։

Նա առավ վահանը և սկսեց նրա վրա նայել։— Ի՞նչ են նշանակում այս ոսկյա նշանագրերը։

— Դրանք ղորանից առած աղոթքներ են, գեներալ, որոնք շահին պահպանում էին թշնամու հարվածներից, իսկ մյուսները կախարդական թելիսմներ են․ դրանք չէին թողում, որ չար ոգիները մոտենային թագավորին․

— Տե՛ս, ի՜նչ խորամանկ են պարսիկները․․․

— Միևնույն բաները կան և սաղավարտի վրա, նայեցե՛ք, գեներալ,— ասաց պարոն Ք... տալով նրան պողովատի սաղավարտը յուր նիզակի նման բիզ գլխով։

— Ուրեմն այս սաղավարտն անխոցելի էր պահում նրան։

— Իհարկե, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց պարոն Ք... լի սնոտիապաշտությամբ.— նայեցե՛ք այս թրին։

— Հրաշալի՜ բան է, — ասաց նա, սուրը յուր արծաթե պատյանից դուրս քաշելով,— այս ոսկյա տառերը երևի մի բան են նշանակում,— ցույց տվավ նա սրի վրա։

— Այդտեղ թագավորի անունն է դրած ու նրա մեծ հաղթությունները:

— Ո՜րքան սպանած կլինի Նադիր-Շահն այս թրով...