ճաշ ուտելու։ Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ, կասկածավոր մարդիկ։ Կարոն նրանց մեջ չափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս։ Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին սուրբ Հովհաննես ուխտ էին գնացած։- Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը և ավելացրեց.
- Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ։
- Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ,- հարցրի ես։
- Դպրոցը թողնելուց հետո,- պատասխանեց Ասլանը,- և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին։
Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել։ Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունից ճանաչում էի նրան. նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ։ Նրանից անկարելի էր մի բան հասկանալ։ Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքին չար ճանապարհի վրա չէր տանի։
Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը, երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի։ Որսորդը տալիս էր մեզ վառոդ, որպես երեխաներ, խաղ անելու համար. մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ. այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ։ Երբեմն իր հրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել։- «Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզ հարկավոր կլինի հրացանը»․․․ Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի։
Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները, վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ։ Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարոդ գնել երկաթից շինված հրացան զենքեր, ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից։ Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս