ԺԱ
ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Մի անգամ Կարոն ինձ ասաց.— Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացիր։
Ես գնացի։ Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից։
Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում։ Երբ մեզ տեսավ նա, փորը-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել։ Կարոն կատարեց նրա ցանկությունը։ Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը։
Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.
— Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղանիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված։
Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը։ Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա—մելիքների ընտանիքին, որ սերված էր Հայոց մի հին իշխանական տոհմից։ Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը։ Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ,— բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին։ Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արարացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան։ Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում։