Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղերից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ։ Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ։
Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմն Ատրպատական և երբեմն Փոքր-Հայքի կողմերը։ Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարա-մելիքներից մեկը, Մարաշի կողմերից փախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ։ Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը և տիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա։— Դա էր Կարոյի հայրը՝ Միր-Մարտոն։ «Միր» տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ։ Նրա հզոր ամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա, մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից, շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով։
Միր-Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ։ նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակ թիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր յոթն մասների վրա։ Նա ուներ յոթն ջրաղաց, յոթն ձիթհան, յոթն այգի, յոթն անտառ։ Նրա տնից դուրս էր գալիս յոթն գութան, որ մշակում էին յոթն անգամ յոթանասուն օրավար հող։ Նրա սեփական արոտատեղերում արածում էին յոթն հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկը ճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չարրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն։ Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշների երամակները։ Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա յոթն որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն։
Միր-Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ, գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը։ Նա չկարողանալով բացարձակ կերպով վնասել նրան,սկսեց դիմել խորամանկության. բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակից։ Եվ մի անգամ, խաբեությամբ Միրին իր մոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից։