Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը, բոլորը սրից անցան, ողջ մնաց միայն փոքրիկ Կարոն, որին իր դայակը — Զումրուդը — փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ։

Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

— Այն սարսափելի կոտորածի միջոցին, քո մայրը, Կարո, կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Ա՛ռ, Զումրուդ, եթե աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցո՜ւր նրան վրեժխնդիր լինել»... Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին։

Բոլոր պատմության ժամանակ Կարոն հանգիստ էր. նրա դեմքի վրա ես նկատում էի մի տեսակ զարմացում, մի տեսակ ապշություն, որ առաջ էին գալիս անագան ինքնաճանաչության զգացմունքից։ Անտեր, անտուն, թափառաշրջիկ պատանին հանկարծ զգում էր իր երակների մեջ իշխանական արյան հոսումը։ Բայց երբ նա լսեց պառավի վերջին խոսքերը, նրա դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեցավ. շրթունքը սկսեց դողդողալ, աչքերի մեջ փայլեց կատաղի բարկություն։ Կարծես այն լուռ, զայրացած դեմքի վրա ես կարդում լինեի —«Երդվում եմ մոր սուրբ հիշատակով, որ ես անպատճառ վրեժխնդիր կլինեմ»...

— Ես չկարողացա ավելի վաղ հայտնել քեզ, Կարո, մորդ կտակը,— շարունակեց պառավը,— որովհետև դու շատ փոքր էիր։ Սպասում էի, մինչև մեծանաս, մինչև ավելի հասունանաս։ Ես ոչինչ չկարողացա սովորեցնել քեզ։ Բայց քո հոր պատմությունը բավական է վրեժխնդրության դաս լինելու համար։ Ես մեռնում եմ հանգիստ սրտով, որովհետև գիտեմ, ինձանից հետո մի ավելի հմուտ, ավելի փորձված ձեռք քեզ պիտի առնե իր պաշտպանության ներքո։ Լսի՜ր նրա խրատները և ոգևորությամբ ընդունիր, ինչ որ կներշնչե նա քո մեջ։ Այդ ազնիվ մարդը քո հոր բարեկամն է և նրա գավառի հինգ տանուտերներից մեկը։ Նա ևս ենթարկվեցավ միևնույն բարբարոսություններին, քո հոր տունը բնաջինջ լինելուց հետո։ Այդ պատմությունը գուցե նա ինքը կհաղորդե քեզ։

Պառավի վերջին խոսքերը որսորդ Ավոյի մասին էին։ Ուրեմն նա հասարակ մարդ չէր. որսորդի ծպտյալ դիմակի տակ