ծածկված էր մի խորհրդավոր անձնավորություն։ Այդ րոպեից ես հասկացա նրա առանձին ուշադրության գաղտնիքը, որ ուներ դեպի Կարոն։
— Այժմ փակի՛ր իմ աչքերը,— շարունակեց հիվանդը, գլուխը ցած թողնելով բարձի վրա։— Եթե կուզես կրկին ձեռք բերել քո հոր իշխանությունը, դու կգտնես այն փոքրիկ սնդուկի մեջ բոլորը, ինչ որ քեզ հարկավոր է․․․
Նա աշխատեց ձեռքը մեկնել դեպի պատուհանը, ուր դրած էր փոքրիկ սնդուկը, բայց ձեոքը թուլացավ, ընկավ վերմակի վրա։ Նրա աչքերը կրկին բացվեցան և անշարժ նայում էին դեպի երկինքը։ Կարծես այնտեղ, վերին երկնակամարի այն կողմը, նրա առջև բացված լիներ հավիտենական աթոռը, և նա շնորհ, զորություն, հաջողություն էր մաղթում այն էակի համար, որին իր ձեռքով էր սնուցել, իր բազուկների վրա էր մեծացրել։
Նրա ալևոր գլուխը թեքվեցավ, էրեսի վրա երևացին մի քանի ցնցումներ, աչքերը դարձյալ փակվեցան...
— Նա մեռա՞վ․..— բացականչեց Կարոն, առանց մի կաթիլ արտասուք անգամ աչքից թափելու։
Ես զարմանում էի նրա քարասրտության վրա։ Որպես սառնությամբ լսեց այդ բոլորը։ Կարծես, նա ամենը գիտեր, կարծես դայակի պատմածները նրա համար նոր բաներ չլինեին։ Բայց նա ոչինչ չգիտեր իր ծագումի մասին, նա իրան համարում էր պառավ Զումրուդի թոռը։
Ես սխալվում էի։ Կարոն բոլորովին հանգիստ չէր։ Նրա կերպարանքի գունաթափ, միևնույն ժամանակ խաղաղ կեղևի տակ բորբոքվում էր մի սարսափելի կրակ, որ նմանում էր ծածկված հրաբուխի։ Նրա սիրտը փոթորկվում էր կատաղի խռովության մեջ։ Ես այն ժամանակ չէի կարող հասկանալ նրա բնավորության բոլոր զորաթյունը, թե որքան զգացմունք, որքան կամքի ուժ կար այն անչափահաս պատանու մեջ, իսկ այժմ բոլորը հասկանում են, նա ծածկեց մեռնող կնոջ երեսը, և մի քանի րոպե լուռ ու անշարժ նստած էր նրա մոտ։
Ես բաց արի այն փոքրիկ արկղիկը, որը հիվանդը ցույց տվեց իր հոգեվարքի միջոցին։ Նա լիքն էր զանազան հին, ցեց կերած թերթերով, որոնք գրված էին պարսից, արարացոց, հունաց, թուրքաց և հայոց լեզուներով։ Նրանց վրա դրոշմված էին մեծ և փոքր կնիքներ։ Մագաղաթի գրվածքը դարերի ընթացքում բոլորովին գունատվել և մուգ-դեղին գույն էր ստացել։ Կարոն խլեց իմ ձեոքից