Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արթուն ժամանակը, մեկին ջիգրացնում է նա։ Նրա դեմքի վրա նկատվում էին հեգնական ծամածռություններ։

Արշալույսը սկսել էր շառագունել։ Ամեն կողմից լսելի էին լինում թռչունների ուրախ, ծլվլուն երգերը։ Մինարեթի վերի հարկերում բուն դրած վայրենի աղավնիները այս կողմ և այն կողմ էին թռչկոտում և նրանց թևքերի թափ տալուց աշտարակի կամարները թնդում էին խուլ որոտմունքով։

Ես ձանձրացա երկար պառկելուց, վեր կացա, մոտեցա Կարոյին և, նրա վերարկուն իր վրան ծածկելով, կանգնեցա նրա մոտ։ Նա տարածված էր գետնի վրա, որպես մի ահագին պղնձե արձան, մթին, հսկայատիպ կերպարանքով։ Նրա լայն կուրծքը անհանգիստ կերպով բարձրանում և ցածրանում էր։ Երկար ես խորին պատկառանքով նայում էի այդ վեհափառ պատկերի վրա, մինչև իմ սիրտը լցվեցավ մի ջերմ, եղբայրական զգացմունքով. ես խոնարհվեցա և մի համբույր քաղեցի այն շրթունքներից, որոնցից շատ անգամ լսել էի այդ խոսքերը. «Ֆարհատ, ես քեզ շատ եմ սիրում»։ Նա մի թեթև շարժում գործեց և կրկին խորասուզվեցավ ծանր քնի մեջ։ Ես հեռացա։

Դեռ երեխայության ժամանակից, այն ավերակները, որոնցով շրջապատված էի, այն մինարեթը, որի մեջ այժմ գտնվում էի, միշտ մի առանձին դյութական տպավորություն էին գործում ինձ վրա։ Ես լսել էի նրանց մասին շատ առասպելական զրույցներ։ Բայց առաջին անգամն էր, որ գտնվում էի այնտեղ, թեև այդ ավերակներն ունեին մեր քաղաքից հազիվ քառորդ մղոն հեռավորություն։ Մարդիկ, մի առանձին սնահավատությամբ, վախենում էին մոտենալ նրանց։ Բայց նույն ժամուն ինձ ևս անհասկանալի մի հետաքրքրություն քարշում էր իմ սիրտը դեպի վեր, դեպի այն հսկայական շինվածքի գագաթը. այնտեղից ես ցանկանում էի նայել դեպի աստուծո գեղեցիկ աշխարհը։

Խորին երկյուղածությամբ ես ոտք կոխեցի առաջին սանդուղքի վրա, սկսեցի բարձրանալ։ Ամեն տեղ տիրում էր դատարկություն. ամեն տեղ ոչ այնքան ժամանակը, որքան կույր խառնիճաղանջի մոլեռանդությունը ավերակ էր դարձրել ճարտարության այն հրաշալի գործը, համարելով նրան մի կախարդված մնացորդ «ջինների» թագուհու ամրոցից: Ես բոլորովին հոգնեցա, մինչև հասա մինարեթի գագաթը։ Ա՜խ, որքան բարձր էր նա։ Ամբողջ Սալմաստը, լուսավորված արեգակի առաջին ճառագայթներով,