դրած էր իմ առջև, որպես մի գեղեցիկ պատկեր, նկարած զանազան գույներով։ Գյուղերը, այգիները, ձեռնատունկ անտառները, լավ մշակված դաշտերը, բոլորը միախառնվելով հանդիսանում էին ամբողջ հովիտը իր կանաչազարդ, գեղագրական տարածության մեջ։ Ես ջոկում էի բոլոր ինձ ծանոթ տեսարանները։
Հեռու, բարձր ապառաժի վրա, տեսնում էի ես Ղարնի-Յարուղի ավերակները, ավերակները այն առասպելական ամրոցի, ուր թափվել էր այնքան արյուն, այնքան արտասուք և սեր... ուր անօրեն թուրք իշխանի ձեռքը խլում էր ամուսնի դրկից կնիկների ամենագեղեցիկը... ուր տարվում էին ամենաընտիր աղջիկերը ամբողջ գավառից, և անբախտ զոհերի արտասուքը, ընտանիքի սրբությունը, ծնողների աղաչանքը չէին կարողանում ամոքել բռնակալի կրքերը...։ Դեպի աջ նայելով, ես տեսնում էի սուրբ Հովհաննու մատուռը, միայնակ կանգնած բլուրի գագաթին, որը մի ահագին շաքարի գլխի նման վեր էր բարձրացել ընդարձակ դաշտի միջից։ Ո՜րքան քաղցր զգացմունքներով կապված էր այդ սրբարանը իմ հիշողության հետ։ Այնտեղ, տոնական հանդեսների ժամանակ, ուխտավորների աշխարհային զվարճությունները, ախտերը և կրքերը եփ էին գալի, բորբոքվում էին, միախառնվելով կրոնական ջերմեռանդության հետ...
Վերջապես իմ աչքին ընկավ քաղաքը. նա թաքնված էր ծառազարդ այգիների մեջ, որոնք ձևացնում էին մթին բոլորակ տարածություն։ Ես որոշեցի մեր թաղը, այնտեղ ես երկար և երկար որոնում էի «մեկին»... կարծում էի, թե կտեսնեմ նրան...: Չգիտեմ ինչո՞ւ նույն րոպեում իմ աչքերը լցվեցան արտասուքով, ես այլևս չկարողացա նայել...
Ես սկսեցի իջնել ցած, կրկին նույն ոլոր-մոլոր սանդուղքներով։ Այն ժամանակ միայն նկատեցի, որ աշտարակն ուներ մի քանի գաղտնի պահեստներ և խորին մթերանոցներ։ Հետաքրքրությունը հրապուրեց ինձ մտնել նրանցից մեկի մեջ։ Նեղ պատուհանից ներս ցոլացած լուսով հազիվ կարողացա որոշել հետևյալ իրեղենները.— զենքերի զանազան տեսակներ, ձիաների թամքեր իրանց պարագաներով, խուրջիններ լիքը զանազան բաներով, որոնք այնքան ծանր էին, կարծես, ամբողջապես լցված լինեին մետաղներով։ Ես ձեռքս տարա մեկի մեջ, տեսա, ուրիշ ոչինչ չկար, բայց միայն հրացանի փամփուշտներ, գնդակների կապոցներ և վառոդ։ Այս մթերքը, անտարակույս, պատկանում էր այն երեք հոգուն, որ պառկած էին աշտարակի ներքին հարկում: