սփածանելիքի մեջ։ Ինձ երևաց, որպես թե, ավերակների մեջ բնակվող ոգիներից մեկը լիներ նա, կամ այն կախարդը, որ հսկում էր այդ անմարդարնակ անապատի վրա։
Նրա երկար, կիսով չափ կռացած հասակը բոլորովին նման էր մի այլանդակ կմախքի, որի ցամաք կազմվածքի մեջ մնացել էին ոսկորները միայն։ Միակ կենդանության նշույլը, որ նկատվում էր թուխ դեմքի վրա, էին զույգ կրակոտ աչքերը, որոնք վառվում էին դիվական խորամանկությամբ։
Նա խիստ մտերմապես մոտեցավ ինձ։
— Ո՞վ ես դու,— հարցրի ես.
— Դու Կարոն չե՞ս...— ասաց նա, առանց իմ հարցին պատասխանելու։ Նա խոսեց աղավաղված թուրքերեն լեզվով, բայց արտասանությունից իսկույն երևաց, որ ինքը բոշա է, թեև նա չէր պատկանում բոշաների այն ցեղերին, որ ես հաճախ տեսել էի մեր կողմերում։
Երևում էր, որ պառավը գործով եկած էր Կարոյի մոտ և սխալմամբ ինձ նրա տեղ էր ընդունում, որովհետև ալքերի տեսությունը սաստիկ թուլացած էր։ Ես կամեցա Կարոյին զարթեցնել. Հետո մտածեցի, ի՞նչ վնաս, առժամանակ ձևանալ, որպես թե ես Կարոն եմ։ Իմ վարմունքը երեխայական անմիտ հետաքրքրություն էր և ավելի ոչինչ։
— Հա՛, իմ անունս Կարո է, — պատասխանեցի ես։ — Բայց ի՞նչպես են կոչում քեզ։
Բոշան զարմանալով նայեց իմ վրա, կարծես, չէր հավատում իր աչքերին և պատասխանեց պարսկերեն լեզվով.
— Կարոն ինչո՞ւ է հարցնում իր աղախնի անունը։ Կարոն գիտե, որ մարդիկ Սուսան են կոչում նրան։ Կարոն բոլորը գիտե...։ — Երբ Դինբուլի խանը կողոպտեց, կոտորեց մեր ցեղը Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապտներից...։ Ա՜խ, Սուսանի աչքերի լույսը... Այն անցքից հետո Սուսանը վատ է տեսնում...
Այդ անկապ խոսքերը այն աստիճան մթին երևացին ինձ, որ ես ոչինչ չհասկացա, մանավանդ որ բոշան խոսում էր երրորդ դեմքով։ – «Կարոյի երեխա՞ն»... Մի՞թե Կարոն երեխա ունի, որտեղ է նա։— Հերաթի անապատներից ազատել է նրան բոշան...
Այս բոլորը ինձ համար հանելուկներ էին։ Միայն այսքանը