Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասկացա, որ Կարոն և խորհրդավոր պառավը նախածանոթներ են եղել։ Միջին Ասիայի խորքերում, Ավղանիստանում, նրանք ունեցել են հարաբերություններ։ Բայց ի՞նչ դեպքով, ի՞նչ առիթով։ — Այդ մասին հարցրի պառավից, զգուշանալով, բոլորովին չմերկացնել ինձ, թե ես Կարոն չեմ։

Ես աշխատեցի ուղղել իմ անտեղի հարցմունքի սխալը, ասելով.

— Ես բոլորը գիտեմ, Սուսան, դու այն ասա՛, թե ինչ լուր ունես։

Պառավը որպես թե ինքն իր հետ խոսելով, ասաց.

— Սուսանը կասե, Սուսանը նրա համար եկավ, որ ասե։

Սուսանը չկարողացավ իր արտասուքը պահել, երբ տեսավ, խեղճ աղջկան...։ Նա աղաչում էր.— «Ասա՜ Կարոյին, որ ինձ այստեղ չթողնե. ես կմեռնեմ ցավից»...։— Խեղճ երեխա, ո՛րքան մաշվել էր նա...։ Կմեռնի՜, անպատճառ կմեռնի՜ նա, եթե երկար այնտեղ կմնա...։ Երեսին գույն չես տեսնի, օրինակ քեզ կտավ... Ախ, Սասանը էլ շատ չի ապրի, թե «նրա» գլխին փորձանք կգա...

Պառավը այլևս չկարողացավ խոսքը շարունակել, սկսեց դառն կերպով լաց լինել։ Արտասուքը ավելի նսեմացրեց նրա աչքերի լույսը։ Ես աշխատեցի մխիթարել նրան։ Երբ մի փոքր հանգստացավ, հարցրի, ինձ բավական մոտեցած համարելով գաղտնիքի իսկությանը.

— Ի՞նչպես դու մտար «նրա» մոտ։

— Ի՞նչպես մտար... — կրկնեց պառավը հեգնական կերպով և նրա ցամաք դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ։— Սուսանի ճանապարհը ո՜վ կարող է կտրել։ Սուսանը ամեն տեղ մուտք ունի։ Թե խանի ամրոցի, թե աղքատի խրճիթի դռները նրա առջև բաց են։ Սուսանը կարդում է մարդերի ճակատագիրր. Սուսանը գուշակում է նրանց չարն ու բարին։— Տո՛ւր ինձ ձեռքդ, գուշակեմ քեզ համար...

Կարծես նա մոռացավ առաջին տխուր զգացմունքը «խեղճ աղջկա» մասին. կարծես, նա մոռացավ, որ Կարոյի հետ էր խոսում։ Այժմ տիրեց նրան այն, ինչ որ բոշայական էր, ինչ որ վայրենի էր։ Նրա առաջին արտասուքը և վերջին ծիծաղը մի րոպեում այնպես փոփոխակի կերպով հաջորդեցին միմյանց, որ պարզ երևաց, թե ողորմելի կինը ցնորված էր։

— Լավ, այդ հետո, թող մնա գուշակելը,— պատասխանեցի ես։— Դու այն ասա , թե ե՞րբ տեսար «նրան»։