— Սուսանը մտավ ամրոցը, երբ առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից, աղախինները վազեցին նրա աոջևը, «եկ, մեզ համար գուշակի’ր, Սուսան», ասեցին, հետո տարան...
Պառավը չավարտեց իր խոսքը։ Սույն միջոցին մինարեթի դոնից երևաց Կարոյի գիշերային անքնությունից գունաթափված դեմքը։ Պառավը մի խոժոռ հայացք գցելով իմ վրա, իսկույն թողեց ինձ, ասելով. — Դու Կարոն չես. դու խաբեցիր Սուսանին...
Նրա խռովյալ ձայնի մեջ կար և' սպառնալիք, և՛ բարկություն։
— Միևնույն է, նա իմ եղբայրն է, Սուսան, —հանգստացրեց Կարոն, մոտենալով պառավին։
Նրանք առանձնացան մի կիսավեր պատի ետևի կողմը, և երկար կանգնած խոսում էին ինձ անլսելի ձայնով։ Պատի վրա րուսած մացառների խտությունը դեռ չէր արգելում նրանց իմ տեսությունից։ Կարոն գլուխը քարշ դցած, լսում էր։ Պառավը ինչ որ պատմում էր նրան։ Ես այժմ մասամբ հասկանում էի, թե ինչ առարկայի վրա էր խոսակցությունը։ Սուսանի մի րոպե առաջ ինձ հաղորդած տեղեկությունները, որքան և մթին, որքան և կցկտուր լինեին, այսուամենայնիվ, ես նրանցից դուրս բերեցի հետևյալ եզրակացությունները.— մի աղջկա, կամ մի կնոջ կյանքը վտանգի մեջ էր, նրա և Կարոյի մեջ կային գաղտնի կապեր. Կարոն աշխատում էր ազատել նրան, խորամանկ պառավը ծառայում էր այս ձեռնարկության մեջ որպես գործիք, աղջիկը կամ կինը գտնվում էր «ամրոցի» մեջ։ Ո՞ր ամրոցում, ու՞մն էր պատկանում ամրոցը։— Ահա այստեղ էր գլխավոր գաղտնիքը։
Ես երկար նայում էի կիսախելագար Սուսանի վրա։ Երբ նա իր պատմությունը վերջացրեց, հանկարծ մի տեսակ ձայն արձակեց, որ ճիշտ նման էր միևնույն բուի ձայնին, որ լսել էի քանրոպե առաջ։ Սնահավատությունը կրկին տիրեց ինձ։ Ես նկատեցի, մի փոքրիկ աղջիկ, խայտաճամուկ և ֆանտաստիկական հագուստներով, դուրս վազեց ավերակների միջից, մոտեցավ երկու խոսակիցներին։ Կարոն գրկեց և համբուրեց նրան։ Հետո պառավը փոքրիկ աղջկա հետ անհայտացան։ Այս երևույթը այնքան հանկարծակի կերպով կատարվեցավ, որ ես բոլորովին ապշած մնացի։ Ինձ թվում էր, թե փոքրիկ աղջիկը այն ոգիներից մեկը պետք է լինի, որ պառավ կախարդը պահում էր իր հրամանի ներքո, ման էր ածում իր հետ և ծառայեցնում էր իր հմայքները