մեջ։ Բայց ո՜րքան գեղեցիկ էր այդ նազելի արարածը։ Ես նրա դեմքը տեսա մի սրընթաց փայլակի նման, որ իսկույն չքացավ, բայց թողեց իմ սրտում անջնջելի տպավորություն...։ Բայց Կարոն ինչո՞ւ համբուրեց նրան. ո՞վ էր նա...
Ես կարծում էի, թե Կարոն չի թաքցնի, կասե ինձ բոլորը, թե ով էր այդ անծանոթ պառավը, թե ով էր այն փոքրիկ աղջիկը, որ հայտնվեցավ փլատակների միջից։ Ես վճռեցի մինչև անգամ հարցնել նրանից, բայց չհամարձակվեցա, երբ նկատեցի նրա սարսափելի կերպով վրդովված դեմքը։ Երևում էր, պառավի հաղորդած տեղեկությունները խռովության մեջ էին գցել նրան։
— Այն պառավը ցնորվա՞ծ էր,— հարցրի ես, երբ նա մոտեցավ ինձ։
— Ոչ... միայն եթե մյուս անգամ կպատահի քեզ հանդիպել նրան, խնդրեմ, չհիշեցնել իր անցյալը...
Հետո խոսքը փոխելով, ասաց նա.
— Մենք պետք է հեռանանք այստեղից, Ֆարհատ։
— Ո՞ւր,— հարցրի ես։
— Ինքս էլ չգիտեմ։ Մենք այն թռչուններից ենք, որ միշտ միևնույն ճյուղի վրա չեն նստում։
Ես ոչինչ չպատասխանեցի։
— Դու երեկվանից միտքդ չե՞ս փոխել,— հարցրեց նա, իմ ձեռքից բռնելով և մի կողմ տանելով, որպեսզի խոսակցությունը իմ և նրա մեջ առանձին լիներ։
Ես դժվարացա պատասխանելու։
— Ինչո՞ւ չես խոսում։
— Ի՞նչ խոսեմ։
— Մենք պետք է հեռանանք այստեղից։ Դու չե՞ս ցանկանում դառնալ քո մոր մոտ։
— Ես ցանկանում եմ ձեզ մոտ մնալ։
— Թո՛ղ տուր մեզ, Ֆարհատ, գնա՛, մորդ մոտ, մխիթարե նրա անբախտությունը։ Հեռացի՜ր մեզանից։ Մենք գլխից ձեռ վեր առած մարդիկ ենք...։ Մեր նավը դեռ մրրիկների մեջ է գնում, ո՜վ է իմանում, ինչ կլինի նրա վերջը...։ Քեզ վիճակված է բախտի ավելի խաղաղ բաժինը, Ֆարհատ, գնա պսակվիր Սոնայի հետ, նա քեզ սիրում է, նրա հետ ուրախ կերթա ձեր կյանքը։ Սոնան լավ աղջիկ է։
Վերջին խոսքերը շարժեցին իմ սիրտը և ակամա արտասուքը