Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափվեցավ իմ աչքերից։ Կարոն այնպես ձևացրեց, թե չէ տեսնում և շարունակեց իր խրատները։

— Հիշում ե՞ս, Ֆարհատ, երբ մենք դեռ վարժատան մեջն էինք, շատ անգամ ասում էինք միմյանց. «մենք եղբայրներ ենք, մենք պետք է միասին աշխատենք և միասին վայելենք մեր վաստակը»։ Ես ունեմ այժմ մի փոքրիկ գումար, ահա այս քսակի մեջն է, ա՛ռ, քեզ եմ տալիս. նա ինձ պետք չէ։ Այս գումարով դու կգնես քեզ համար մի կտոր հող, կսարքես մի արոտ, քո ձեռքով կմշակես քո հողը։ Քաղցր է վաստակը, երբ մարդ ստանում է իր սեփական հողից։

Ես ետ մղեցի քսակը, պատասխանելով.

— Հիշում եմ բոլորը, ինչ որ ուխտեցինք դեռ դպրոցում եղած ժամանակ։ Բայց դու, երևի, մոռացել ես մի բան. մենք երդվեցինք և օգնել միմյանց ամեն փորձանքների մեջ մեր կյանքում։ Այժմ ես ի՞նչպես կարող եմ հեռանալ քեզանից, երբ դու ինքդ ասում ես թե «ձեր նավը մրրիկների մեջ է գնում»...

— Այդ ուղիղ է։ Բայց ես ի՞նչ իրավունքով կարող եմ քեզ քարշ տալ այն փորձանքների մեջ, որոնց ես ինքս պատրաստել եմ ինձ համար...

— Ինձ համար միևնույն է, թե ով է պատրաստել։

— Բայց դու գիտե՞ս, որ ես այս աշխարհում կորցնելու ոչինչ չունեմ, իսկ քեզ կարոտ են մայրդ, քույրերդ և, վերջապես, Սոնան։ Դու չե՞ս մտածում ազատել նրան, չէ՞ որ գերի է իր հոր, այն վայրենի հոր ձեռքում։

— Ես մտածում եմ... ես մինչև անգամ խոստացել եմ ազատել նրան...։ Բայց ես նրան կազատեմ, քեզանից չբաժանվելով։

— Լավ,— ասաց նա խռովյալ ձայնով։— Այսուամենայնիվ, դու պետք է ընդունես այս քսակը, ուղարկիր մորդ, թող նա քաղցած չմնա, գուցե դու երկար բաժանված կմնաս նրանից...

Ես հրաժարվեցա, խնդրելով, որ նա ինքը կարգադրե որպես ցանկանում է։

Կարոն համաձայնեցավ։ Բայց ես նկատեցի, թե որպե՛ս վառվում էին նրա լի վրդովմունքով աչքերը և ինչպես անհանգիստ կերպով բաբախում էր նրա կուրծքը։ Երևում էր, խիստ ծա՜նր էր նրա այն համաձայնությունը, որ տվեց ինձ իր մոտ պահելու համար...

— Դու պիտի ընդունես մի քանի պայմաններ, Ֆարհատ։

— Ամեն բանի հոժար եմ ես։