— Լսի՛ր.— քո աչքերը իբր թե ոչինչ չեն տեսնում, թեև շատ բաներ պիտի տեսնես։
— Ես ինձ կույր կձևացնեմ։
— Քո ականջները իբր թե ոչինչ չեն լսում, թեև շատ բաներ պիտի լսես։
— Ես ինձ խուլ կձևացնեմ։
— Քո լեզուն ոչինչ չպիտի խոսե, թեև շատ բաներ պիտի գիտենաս։
— Ես ինձ մունջ կձևացնեմ։
— Դու սեփական կամքի տեր չպիտի լինես։
— Ես ամեն բանում կհնազանդվեմ քո կամքին։
— Եվ իմ ընկերների կամքին։
Եվ քո ընկերների կամքին։
— Բավական է, տուր ինձ ձեռքդ։
Ես ձեռք տվեցի, նա սեղմեց ինձ իր կուրծքի վրա և համբուրեց։ Այդ եղբայրական համբույրը կնքեց մեր ուխտը...
Ես խոստացա խուլ լինել, մունջ լինել, խոստացա կույր գործիք լինել...։ Ես խոստացա անսիրտ, առանց կամքի մեքենա լինել...
Ես կատարեցի իմ խոստմունքը։
Պարսկաստանում այն ժամանակ դեռ նոր էր կազմվել մի գաղտնի հիմնարկություն, որ կոչվում էր «ֆարամուշխանա», այսինքն մոռացության տուն։ Այս տան մեջ ընդունվելու գլխավոր պայմանը այն էր, որ յուրաքանչյուր անդամ այնտեղից դուրս գալուց հետո պետք է մոռացության տար բոլորը, ինչ որ տեսել, ինչ որ լսել էր այնտեղ։ Այսինքն՝ պետք է պահպաներ սաստիկ ծածկամտություն։ Թե ի՞նչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը,— ես չգիտեմ, որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործում իրանից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը։ Կրտսեր անդամը ավագի հլու գործքին էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչ որ կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում։ Հիմնարկության բուն խորհուրդը պահվում էր նրա գլխավորների մոտ։ Մյուսները անգիտակցական մեքենաներ էին միայն։ Անդամների յուրաքանչյուրը առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ո՛վ կամ ինչտեղացի լինելը։ Միայն որոշ խմբեր իրանց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ առանձին վեր առած, միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին։