ԺԴ
ՁԻ
Դեռ երեխայությունից ես ձի նստելու սաստիկ սեր ունեի․ այն ժամանակ այս ցանկությունը լցուցանում էի, հեծնելով փայտյա երկայն ձողի վրա, և ամբողջ ժամերով վազեցնում էի մեր բակում։ Հետո, երբ փոքր-ինչ մեծացա, իմ փայտյա նժույգին փոխարինեցին կենդանի արարածներ։ Մեր հորթերը հանգստություն չունեին ինձանից, և մինչև անգամ ահագին գայլանման Մըրոն — մեր շունը — երբեմն ստիպված էր ծառայել իմ զվարճություններին։ Ես բռնում էի նրա երկայն ականջներից, թռչում էի մեջքի վրա, և խեղճ շունը բարեսրտությամբ ներում էր իմ հիմարություններին, գնում էր դեպի այն կողմը, ուր որ ես շուռ էի տալիս։
Երբ տասն տարեկան էի, ամեն երեկո անհամբերությամբ սպասում էի տավարների նախիրի արոտից վերադառնալուն։ Հենց որ հեռվից նկատում էի մեծ ճանապարհի վրա փոշու ամպերի բարձրանալը, վազում էի նախիրի առջև, բռնում էի ավանակներից մեկին, նստում էի նրա մեջքի վրա։ Ա՜խ, ո՛րքան ուրախանում էի ես, երբ իմ Պեգասը վազում էր հեռու և հեռու դաշտերի մեջ...։ Իսկ հետո ավանակներին փոխարինեցին մատակ ձիաները։ Առանց սարսափելու չէր կարելի նայել ինձ վրա, երբ ես դևի նման բռնած վայրենի մատակի բաշից, մրրիկի պես պտտեցնում էի մերկ և առանց սանձի ձիուն։ Հովիվները բարկանում էին, զգուշացնում էին ինձ, բայց ինչ ուշադրություն կդարձներ նրանց խոսքերին հանդուգն և զվարճասեր մանուկը...
Բայց ո՜րքան անգամ վեր ընկա ես... ո՜րքան անգամ ձեռքս, ոտքս կոտրեցի... ո՜րքան անգամ երեսս ջարդված, արյունաթաթախ