տուն են բերել ինձ...։ Մայրս լաց էր լինում, ասում էր՝ «ուր ես ադամորդու զարմ չեմ», թե ես «սատանայի ծնունդ եմ», թե ես «մի փորձանքով պիտի մեռնեմ», կամ գետի մեջ կխեղդվեմ, կամ ծառից, կամ ժայռից վեր կընկնեմ և կամ դաշտի գազանները կուտեն ինձ...Մայրս գնում էր, վարժապետիս պատմում էր իմ անկարգությունները, բայց ոչ նրա «ֆալախկան», ոչ նրա «խրատը» և ոչ «աղյուսի կտորտանքը» — ոչ մեկը չկարողացան զսպել ինձ մանկական խաղերից, որոնք այնպես սաստիկ կերպով արգելված էին աշակերտներին։
Նույնպիսի սեր ունեի ես դեպի հրացան գործիքները։ Երևակայեցեք այն ուրախությունը, երբ իմ մանկական երկու ամենագլխավոր բաղձանքները իրագործվեցան․— ես այժմ ունեի ձի և զենքեր։
Նույն ավուր երեկոյան պահուն, որի առավոտյան ժամանակ ես ավերակների մեջ հանդիպեցի բոշա կնոջ հետ, կրկին հայտնվեցան երկու զեյթունցիները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, մյուսին Ջալլադ։ Նրանք բերեցին իրանց հետ չորս գեղեցիկ ձիաներ։ Երևում էր, այդ ձիաները մեզանից փոքր-ինչ հեռու գտնված լեռների մեջ պահում էին, որովհետև ավերակների մոտ արոտ չկար։ Կարոն ինձ իր մոտ կանչեց, և հանձնելով ձիերից մեկի սանձը, ասաց.
— Ահա քո ձին, ես գիտեմ, որ դու անվարժ չես լինի դրան զսպելու մեջ։
Հետո, տալով ինձ մի հրացան, մի զույգ ատրճանակ և մի թուր, ավելացրեց․
— Ահա քո զենքերը, դրանց բանեցնելու մեջ դու նույնպես անվարժ չես մնա։
Ես ուրախությունից այն աստիճան շփոթվեցա, որ մի խոսք անգամ չգտա շնորհակալությունս հայտնելու միայն երեխայի նման փաթաթվեցա նրա վզովը և սկսեցի համբուրել։ Ես երևակայում էի, թե աշխարհի բոլոր թագավորությունները ինձ են տված։
Կարոն տվեց ինձ և մի ձեռք շոր, պատվիրեց հագուստս փոխել։ Իմ նոր հագուստի մեջ ոչ թե մայրս, ոչ թե տեր Թոդիկը, այլ սատանան ևս չէր կարող ճանաչել ինձ։ Ես այժմ իմ հագուստով բոլորովին նման էի ընկերներիս։
— Դե՛, նստիր,— ասաց Կարոն, ինքն նույնպես իր ձին հեծնելով։