Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասլանը և Սապոն արդեն ձիավորված էին։ Մենք ճանապարհ ընկանք։ Երկու զեյթունցիները մնացին մինարեթի մեջ, երևի, այն պատերազմական մթերքը պահելու համար, որը ես ցերեկուվ տեսել էի աշտարակի վերին հարկում։

Արեգակի վերջին շառավիղները դեռ խաղ էին անում մինարեթի կապույտ մոզայիկների հետ, երբ մենք բաժանվեցանք այդ հսկա շինվածքից։ Ես իմ ստացած նոր ընծաներով այնքան գրավված էի, մինչև անգամ ընկերներիցս չհարցրի, թե ու՞ր ենք գնում։ Իմ գեղեցիկ նժույգը ընթանում էր արագ, որպես մարդու միտքը, իմ զենքերը շողշողում էին փառավոր, սպառնական լուսով։

Կարոն չսխալվեցավ իր կարծիքի մեջ, այո՛, ես այնքան հմուտ էի զենքերի գործածության մեջ, որքան ձի հեծնելում։ Շատ քիչ էր պատահում, որ իմ գնդակը շեղվեր նպատակից, որովհետև ես որսորդ Ավոյի թեև փոքրիկ, բայց լավ աշակերտն էի,— աշակերտը այն մարդու, որի անվան հետ կապված էին այնքան սարսափելի պատմություններ...։ Բայց նա մնաց միշտ բարի դեպի ինձ և դեպի մեր ընտանիքը։ Նրա տնում միշտ գտնվում էր իմ համար մի ավելորդ հրացան, որով ես փորձեր էի անում։ Առաջին փորձը արեցի մեր հավերի վրա․ մայրս ինձ շատ անիծեց, երբ տեսավ, որ իր սիրելի վառեկներից մեկը թավալվում էր մեր բակի մեջ։ Նա իսկույն վազեց վարժապետի մոտ բողոքելու...

Իսկ երբ որսորդը իր ընտանիքով թողեց մեր քաղաքը, մայրս մասամբ ուրախ էր, որ ազատվեցավ մի այսպիսի դրացուց, որը նրա կարծիքով, իր որդուն փչացնում էր, խելքից հանում էր։ Բայց ես երկար չէի կարող մոռանալ բարեսիրտ Ավոյին, որի պատմություններն իր որսորդական կյանքից այնքան հետաքրքրում էին, այնքան ոգևորում էին ինձ...

Բшյց ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ճանապարհին Սագոն դարձավ ինձ այս խոսքերով.

— Գիտե՞ս, ուր ենք գնում, Ֆարհատ։

— Ինձ ոչինչ չէ ասել Կարոն,— պատասխանեցի ես։

— Դու հիշո՞ւմ ես որսորդ Ավոյին, այն լուռ, միշտ խոժոռ մարդուն, որ մի ժամանակ ձեր դրացին էր. մենք գնում ենք նրա տունը։ Տե՛ս, այն սարերի մեջն է բնակվում նա։

Սագոն ձեռքը մեկնեց դեպի արևմուտք, կարծես, ես գիշերային խավարի մեջ կարող էի տեսնել նրա ցույց տված տեղը։