Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծխել։ Հետո, երևի, աոաջին խոսակցությունը մոռացության տալու համար, առաջարկեց ինձ ծխաքարշը ասելով.

— Առ, ծխի՛ր այդ «սատանայի բուրվառը»։

Ես հայտնեցի, թե ծխելու սովորություն չունեմ։

— «Ղարաչիների օբաներում ճգնավորություն չեն անում»..․— պատասխանեց նա ծիծաղելով։

Ես չհասկացա, թե ինչ էր ուզում ասել։

— Շատ հասկանալի է,— ասաց նա,— սոֆիները, որ սկզբում չեն ծխում, հետո սկսում են ծխախոտ ծամել. ավելացնում են դրա վրա և աֆիոն ուտելը։ Այսպես է լինում ամեն պահեցողների վերջը։

Ես ընդունեցի նրա ձեռքից ծխաքարշը, ճշմարիտ, նա դուր եկավ ինձ, թեև առաջին անգամն էր, որ ծխում էի։

— Հա՛, այդպես,— ասաց նա մի առանձին հաճությամբ,— օրինավոր բան տեսար, մարդուն էլ է դուր գալիս, նրա ստեղծողին էլ։

Սագոն իր ծխաքարշը ընծայեց ինձ, ասելով թե ինքը երկու հատ ունի, և խնդրեց, իջևան հասնելու ժամանակ նրան հիշեցնեմ, որ ինձ ծխախոտ տա։ Նա հավատացնում էր, որ առանց ծխախոտի, առանց արաղի ճանապարհորդությունը կյանք չունի։ Այդ պատճառով, ես չդժվարացա ընդունել նրա ձեռքից արաղի շիշը, որ մի փոքրիկ խուրջինի մեջ դրած, քարշ էր տվել իր ձիու թամքի ղաշից։ Թեև իմ կյանքում ամենևին արաղ խմած չէի, բայց մի քանի կաթիլ կուլ տալով, շիշը ետ տվեցի, ինձ երևաց, թե բերանս կրակով այրեցին։ Սագոն բավական խմեց։

— Տաքացնում է,— ասաց նա,— այնտեղ, այն սարերի բարձրավանդակների վրա ցուրտ կլինի։

Եվ իրավ, քանի վեր էինք բարձրանում դեպի լեռան զառիվերը, գիշերային հովությունը այնքան զգալի էր դառնում։ Մեր փոքրիկ քարավանը առաջ էր գնում ամենայն եռանդով։ Ձիերը այն աստիճան սովորած էին լեռնային անցքերին, որոնց միջով վայրենի այծերը դժվարությամբ կարող էին անց կենալ։ Մեր ճանապարհն ընկած էր նեղ կիրճերի միջով, ուր անհավասար, ալիքավոր դարուփոսերի և սարսափելի ելևէջների պատճառով, երբեմն ստիպված էինք ցած իջնել ձիերից։ Այդ սաստիկ հոգնեցրեց ինձ։ Բայց Սագոն հոգնություն չէր զգում, կարծես, ժայռերը, ապառաժներն իրանց սոսկալի պտույտներով ավելի ոգևորում էին նրան։ Կարոն և Ասլանը գնում էին մեզանից մի