կողմից բռնած, բերում էր մի մեծ պղնձե սինի, որի վրա դրած էին՝ լավաշ, պանիր, եղջերուի սառը միս, մածուն, կարագ և լեռնային զանազան բանջարներ։ Նա լուռ մոտեցավ, դրեց սինին հյուրերի առջև և նույնպես լռությամբ հեռացավ, առանց աչքերը այս կողմ կամ այն կողմ դարձնելու։ Տղերքը բարևեցին նրան մի քանի սրախոսություններով, բայց նա ոչ մեկին չպատասխանեց։
Նա Մարոն էր։
Ամբողջ տասներկու տարի էր, որ չէի տեսել նրան։ Ո՜րքան մեծացել էր նա, ո՛րպիսի ծանր կերպարանք էր ստացել այն մշտազվարթ, պայծառ դեմքը, որից մանկական ժպիտը երբեք պակաս չէր լնում։ Տարիները փոխել էին նրան, փոխել էին դեպի ավելի գեղեցիկը և ավելի սքանչելին։
Մարոն կրկին վերադարձավ. այս անգամ բերեց մի ահագին խեցեղեն ամանով գինի։ Նրա աչքերը հանդիպեցան իմ աչքերին և խաղաղ դեմքի վրա երևաց խռովության նման մի բան։ Նա իսկույն դուրս վազեց, երևի, հորը իմացում տալու իմ մասին։
Իմ ընկերները դեռ ինձ «մարդի» տեղ չէին դնում և այս պատճառով նրանցից ոչ մեկը չմտածեց ներկայացնել ինձ։ Իսկ որսորդը այն աստիճան զբաղված էր իր հյուրերով, որ կամ չնկատեց ինձ, կամ տեսավ և չճանաչեց։ Վերջինը ավելի հավանական էր։
— Ո՞ւր է,— ձայն տվեց նա, շփոթված ներս մտնելով։- Ո՞ւր է Ֆարհատը։
Ես մոտեցա նրան։
— Ֆարհատ ջան, դո՞ւն ես, քո հոգուն մատաղ,— բացականչեց նա ինձ գրկելով, և ուրախության արտասուքը ցողվեցավ ալեխառն մորուքի վրա։— Տղա՜ս, աստծու աչքը վրադ լինի, ո՝րքան մեծացել ես դու... ի՞նչ շնորհալի տղա ես դարձել Կարո, որտեղի՞ց գտար դրան։ Ես չէի ճանաչելու, եթե Մարոն չասեր։
Կարոն կարճ կերպով պատմեց, թե որտեղ և ինչ դրության մեջ գտավ ինձ։ Որսորդը սկսեց ծիծաղել։
— Ես տյդ սպասում էի, որ դու կփախչես այն անպիտանի մոտից,— ասաց նա,—բայց ափսո՛ս, որ երկար մնացիր այն «դժոխքի» մեջ։
Դժոխք կոչում էր որսորդը տեր Թոդիկի դպրոցին։ Այդ խոսքը կրկին հիշեցրեց ինձ վաղեմի տանջանքները, որ առժամանակ մոռացության էի տվել։