Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր—«ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»...։ Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր գրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարգում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա։
Որսորդը սկսեց այնուհետև հարցնել մորս մասին, քույրերիս մասին, թե որպես ապրում են նրանք, ինչ վիճակի մեջ են գտնվում, ով է հոգ տանում նրանց անբախտությանը։ Քաջալերեց ինձ, թե ես կարող էի օգնել նրանց, մխիթարել մորս և մտածել քույրերիս բախտավորության մասին։ նա ավելացրեց, թե շատ ուրախ է, տեսնելով, որ ես ընկել եմ Կարոյի հասարակության մեջ և թե այդ ընկերությունը կարող էր օգտավետ վախճանի հասցնել ինձ։ Հետո նա դարձավ դեպի Մարոն.
— Դու ինչո՞ւ մոտ չես գալիս, չես հարցնում Մարիամի, Մագթաղի մասին։ Չէ՞ որ նրանք քո հին քույրիկներն էին. ամեն օր մեկմեկու ծամեր էիք փետտում, մեկ-մեկու երես էիք ծվատում էլի բարիշում էիք։ Այդպես չէ՞, իմ կատվիկ, մոռացել ես, հա՛։
Ես հիշեցի այն գիշերը, այն ձմեռային սարսափելի գիշերը, երբ մրրիկը դրսում կատաղաբար մռնչում էր և ձյունը առատորեն մաղվում էր երկնքից։ Մենք նստած էինք գերեզմանի պես ցուրտ խրճիթի մեջ։ Մայրս կարում էր, ես վառարանի մոտ քրքրում էի հանգած կրակը։ Մարիամը և Մագթաղը քնած էին։ Աշտանակի վրա յուղը սպառված ճրագը պլպլում էր, որպես մի շնչավոր, որ հոգեվարքի մեջ է գտնվում։ Հանկարծ դևի նման ներս վազեց Մարոն, ճարպիկ, աշխուժով լի մի երեխա, որի անմեղ չարություններն անգամ սիրելի էին մեզ։ Ես հիշեցի, թե որպես քարշ ընկած մորս պարանոցին, հիմար-հիմար շատախոսում էր նա և տաք-տաք համբուրում էր մորս երեսը։ Նա ուրախանում էր, որ ձյուն է գալիս, և մի աոանձին երեխայական ոգևորությամբ ասում էր, վաղ առավոտյան կվազվղե նրա մեջ։ Ես հիշեցի, թե որպես նա հարձակվեցավ քնած Մարիամի վրա, իր փոքրիկ ճանկերով բռնեց նրա կոկորդից, և կրկին կայծակի արագությամբ դուրս փախավ մեր խրճիթից։
Կրկին տեսնում էի այն կյանքով լի, վայրենի երեխային, այժմ հասուն, վայելուչ կազմվածքով, կանգնած էր իմ առջև որպես