մի լեռնային հրեշտակ։ Նույն հրեղեն աչքերը և այժմ վառվում էին լի գեղեցիկ վրդովմունքով, նույն սևուկ երեսը իր դիվական ժպիտով և այժմ կախարդիչ էր։
Չնայելով հոր խոսքերին, Մարոն չմոտեցավ ինձ. միայն ծիծաղեց և սենյակից դուրս գնաց, հյուրերի համար մի նոր բան բերելու։ Ամոթխածությունը ավելի իմ կողմի՞ց էր, թե նրա կողմից,— չեմ հիշում, միայն երկուսիս լեզուն էլ պապանձված էր։ Ես չգիտեի, ինչ խոսել նրա հետ, դրա համար շատ ուրախացա, երբ Մարոն իր հեռանալով դուրս բերեց ինձ իմ նեղ դրությունից։ Ես այն ժամանակ միայն զգացի իմ անշնորհքությունը, թե ո՛ր աստիճան անկիրթ էի, թե որքան կոշտ և կոպիտ պատրաստել էր ինձ դպրոցը։
Տղերքը հավաքվեցան ընթրիքի սեղանի շուրջը։ Ավոն նույնպես նստեց մեզ մոտ։ Մարոն սպասավորություն էր անում, անդադար ուտելիքներ և ըմպելիքներ ներս բերելով և դուրս տանելով։ Երևում էր, որ տանուտերը առաջուց դիտեր իր հյուրերի գալուստը և կանխապես պատրաստություններ էր տեսել նրան համար։ Գյուղական ամեն տեսակ բարիքներից, ինչ որ կարող է մատակարարել երկրագործի և խաշնարածի տնտեսությունը, գտնվում էր սեղանի վրա։
Ընթրիքի ժամանակ ես դեռ նոր զննեցի ծերունի որսորդի խորշոմներով պատած դեմքը, նրա գլխի և մորուքի ալևորած մազերը, որոնք առաջ, իմ տեսած ժամանակը, բոլորովին թուխ էին, իսկ այժմ այն երկաթի մարդը ծերացել, շատ և շատ փոխվել էր։ Նա պահպանել էր միայն իր վաղեմի աշխույժը, եռանդի կենդանությունը և հոգու ազնվությունը, որպես մի բույս, որ թառամած, ցամաքած դրության մեջ ևս պահպանում է իր անուշահոտությունը։
— Ֆարհատ,— ասաց նա ինձ,— երբ առավոտյան լույսը կծագի, կասեմ Մարոյին քեզ տանե մեր լեռների վրա ման ածե, և դու կտեսնես, թե որքան գեղեցիկ են մեր լեռները։
Իմ սիրտը թնդաց ուրախությունից, ես շատ էի սիրում լեռը․ որպես դաշտային երկրի բնակիչ, լեռը միշտ ինձ վրա մի առանձին դյութական տպավորություն էր գործում։ Բայց իմ ուրախությունը կրկնապատիկ եղավ, երբ մտածում էի, թե Մարոն պիտի առաջնորդե ինձ իմ լեռնային զբոսանքի ժամանակ։ Ախ, երբ պիտի լուսանար այդ գեղեցիկ առավոտը։ Համոզված էի, որ Մարոն երկար պիտի խոսեր ինձ հետ, շատ բաներ պիտի հարցներ