Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սուպովնիկը կոտրեցիր, հերիք չէ՞, որ ամսական էլ ես ուզում։

— Աստված է վկա, ա՛ղա ջան, ես չեմ կոտրել։

— Բաս սատանան կոտրե՞ց։

— Ես ի՛նչ գիտեմ, ա՛ղա ջան։

— Կորի՛ր։

— Մեր երկիրը պետք է գնամ, քրեհի փող չունեմ, աստծու խաթրու իմ ամսականը մի՛ կտրի։

— Կորի՛ր, ասում եմ քեզ։

Խեղճ պատանին յուր արտասուքով լի աչքերը դեպի երկինք բարձրացրեց և սառած մնաց յուր տեղը։

Թ

Քսան տարի առաջ Կ... քաղաքի հետ ընկած փողոցներից մինի մեջ պարոն Ք... և յուր եղբայրն ունեին փոքրիկ խանութ, նրա դուռը միշտ բաց էր լինում ոչ միայն հասարակ օրերում, այլև տոներին, երբ սովորաբար այդ քաղաքի բազարը կողպվում էր։ Խանութպանները նախ գնում էին եկեղեցի, ապա դեպի այգիները դիմելով՝ այնտեղ անձնատուր էին լինում զանազան զվարճությունների: Չէ կարելի որոշ անուն տալ, թե ի՛նչ վաճառքների խանութ էր այդ։ նա նմանում էր մեծ ճանապարհների վրա իջևանի մոտ գտնված մի գինետան, ուր հաճախորդը կարող է գտնել ամեն բան, ինչ որ նրան պետք էր։ Այնտեղ կային ասիական գործվածքների զանազան տեսակներ, որպիսի են՝ կտավ, շիլա, չիթ, ղադար և այլն։ Այնտեղ կային՝ սկսյալ ըմպելիքներից, ձկնեղեններից, մինչև մոմ, լոբի, սոխ, թեյ, շաքար և ճանճերից կեղտոտված կոնֆետներ, որոնց կաղանդի տոներին միայն մայրերին սիրեկան մանչերը, մի քանի կոպեկ ստանալով, կգնեին և ուրախ-ուրախ վազ կտային իրանց ընկերների նախանձը գրգռելու։

Երկու եղբայրներն այնքան սերտ կերպով կապված էին իրանց խանութին, որ ավագ եղբայրն առավոտից մինչև կեսգիշեր կարծես մեխած էր յուր դախլին: Իսկ կրտսեր եղբայրն անդադար շարժողության մեջ էր. նա կամ ապրանք էր դարսում, կամ նրանց փոշին էր սրբում, կամ խանութի դռան առաջն էր ավլում, ջուր սրսկում, որ հով լինի։

Խանութը գտնվում էր քաղաքի այն թաղումը, որի